Մարտի 23-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում գործ է ստացվել լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու հանգամանքներով։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացությունը
Նիկոլայ Թադևոսի Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1985 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2021 թվականի հուլիսի 18-ը զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, հանդիսանալով հիշյալ կազմակերպության անունից հանդես գալու լիազորություններ ունեցող, իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2013 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2021 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է իր քրոջ ամուսնու’ Լավրենտ Հովհաննիսյանի կողմից «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ից վարձակալած տարածքում կառուցված և փաստացի իրեն ու Գրիգոր Խաչիկյանին պատկանող «Այգի» սրճարան-ռեստորանի ջեռուցումը, սակայն դրա դիմաց որևէ վճարում չի կատարվել:
Մասնավորապես’ 2013 թվականի հոկտեմբերի 17-ին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿի տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի և ԱՁ Գրիգոր Խաչիկյանի միջև կնքվել է մատակարարման պայմանագիր, ըստ որի ՊՈԱԿ-ը պարտավորվել է ջեռուցման սեզոնին’ 2013 թվականի նոյեմբերի 1-ից 2014 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, ամսեկան 20.250 ՀՀ դրամի, այսինքն’ ջեռուցման սեզոնի 4 ամիսների համար’ ընդհանուր 81.000 ՀՀ դրամի դիմաց ապահովել «Այգի» սրճարանռեստորանի ջեռուցումը: Նույն անձանց միջև նմանատիպ պայմանագիր է կնքվել նաև 2014 թվականի հոկտեմբերի 15-ին’ 2014 թվականի նոյեմբերի 1-ից 2015 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում «Այգի» սրճարան-տեստորանի ջեռուցումն ապահովելու համար’ կրկին 81.000 ՀՀ դրամի դիմաց, սակայն նշված ժամանակահատվածում «Այգի» սրճարան-ռեստորանի կողմից չի վճարվել պայմանագրերով սահմանված’ ընդհանուր 162.000 ՀՀ դրամը:
Դրանից հետո Նիկոլայ Նալբանդյանը շարունակել է ապահովել «Այգի» սրճարանռեստորանի ջեռուցումը’ 2015-2016, 2016-2017, 2017-2018, 2018-2019, 2019-2020, 2020-2021 թվականների ջեռուցման սեզոններին (լուրաքանչյուր տարվա նոյեմբերի մեկից մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը)’ առանց համապատասխան պայմանագրի և վճարի, ինչի արդյունքում «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատճառվել է 648.000 ՀՀ դրամի չափով գույքային վնաս:
Մեղադրանքի հոդվածները
Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով։
Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով: