ԱՄՆ-ում` Լոս Անջելեսում երդվյալ ատենակալները Meta-ին եւ Google-ին մեղավոր են ճանաչել եւ նշել, որ սոցիալական ցանցերը կախվածություն են առաջացնում։ Սա նախադեպային որոշում է, որը տեխնոլոգիական ընկերություններին հավասարեցնում է ծխախոտ արտադրողներին։
Ամերիկյան դատարանը՝ ի դեմ երդվյալ ատենակալների, եզրակացրել է, որ ընկերությունները գիտակցաբար ստեղծել են կախվածություն առաջացնող արտադրանքներ եւ չեն նախազգուշացրել օգտատերերին ռիսկերի մասին։ Խոսքը YouTube-ի եւ Instagram-ի մասին է։
Տեխնոլոգիական ընկերությունների դեմ հայցը ներկայացրել է մի կին, որի անունը ներկայացված է KGM սկզբնատառերով։ Նրա ցուցմունքների համաձայն՝ սկսել է օգտվել YouTube-ից վեց տարեկանում, Instagram-ից՝ ինը տարեկանում։ Նրա խոսքով՝ արդեն 10 տարեկանում իր մոտ սկսվել են դեպրեսիայի եւ ինքնավնասման երեւույթներ, կորցրել է այլոց հետ շփվելու կարողությունը։ Կինը պնդել է, որ սոցիալական ցանցերից կախվածությունը քանդել է իր հարաբերությունները ընտանիքի եւ դասընկերների հետ։
Հայցվորի փաստաբանների հիմնավորումները հիմնականում նույնն էին, ինչը որ ծխախոտային ընկերությունների դեմ մեծ դատավարություններում ներկայացված փաստարկները․ սոցիալական ցանցերի մշակողները գիտեին, որ իրենց արտադրանքը կախվածություն է առաջացնում, ինչը կարող է վնաս հասցնել հոգեկան, իսկ երբեմն նաեւ ֆիզիկական առողջությանը, սակայն դա թաքցրել են։
Դատարանը կնոջը հատկացրել է 6 միլիոն դոլարի փոխհատուցում, որից 4,2 միլիոնը պետք է վճարի Meta-ն (Instagram-ի սեփականատերը), իսկ 1,8 միլիոնը՝ Google-ը (YouTube-ի սեփականատերը)։ Սկզբում այս գործում որպես պատասխանողներ ներգրավված էին նաեւ TikTok-ը եւ Snap Inc.-ը (Snapchat-ի սեփականատերը), սակայն նրանք կնոջ հետ հասել են մինչդատական համաձայնության, որի պայմանները չեն հրապարակվում։
KGM-ի հայցը հազարավոր նման հայցերից մեկն է, որոնք միայն Կալիֆոռնիայում (որտեղ գտնվում են տեխնոլոգիական ընկերությունների գլխավոր գրասենյակները) ներկայացվել են Meta-ի, Google-ի եւ սոցիալական ցանցերի այլ սեփականատերերի դեմ։ Հայցվորների թվում կան ոչ միայն անհատներ, այլ որոշ դեպքերում նաեւ ամբողջ դպրոցական շրջաններ։ Ներկայիս որոշումը ստեղծում է նախադեպ։ Ակնկալվում է նմանատիպ այլ հայցերով բազմաթիվ որոշումների, ինչպես նաեւ նման հայցերի թվի զգալի աճի։
Տեխնոլոգիական ընկերությունների փաստաբանները պնդում էին, որ իրենց հաճախորդները պաշտպանված են «Կոմունիկացիաների մասին օրենքի» 230-րդ հոդվածով, որտեղ հստակ նշվում է, որ առցանց հարթակների մշակողները եւ սեփականատերերը չեն կարող իրավական պատասխանատվության ենթարկվել այն բովանդակության համար, որը այդ հարթակներում հրապարակում են օգտատերերը։
KGM-ի շահերը ներկայացրել է փաստաբան Մարկ Լանիերը, որը հայտնի է խոշոր ընկերությունների դեմ գործերով (օրինակ՝ 2016 թվականին Johnson & Johnson-ի մանկական փոշու վնասակարության գործով)։ Դատարանը ընդունել է նրա փաստարկը. սոցիալական ցանցերից կախվածությունը՝ իր բոլոր բացասական հետեւանքներով, առաջանում է ոչ թե օգտատերերի կողմից հրապարակվող կոնկրետ բովանդակությունից, այլ այդ բովանդակության ցուցադրման մեխանիզմից՝ տեսանյութերի ավտոմատ մեկնարկից, անվերջանալի կրկնություններից, առաջարկությունների ալգորիթմներից եւ այլն։
Դատավարության ընթացքում ցուցմունք է տվել նաեւ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը։ Երդվյալներին ներկայացվել են նաեւ ընկերությունների ներքին փաստաթղթեր, որոնք «արտահոսել» են մամուլ․ դրանք հաստատում են, որ ղեկավարությունը գիտեր կախվածության առաջացման վտանգի մասին։
Ցուկերբերգը եւ տեխնոարդյունաբերության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ նրանց փաստաբանները, ի պատասխան ընդգծել են, որ «սոցիալական ցանցերից կախվածություն» ախտորոշում գոյություն չունի, այդ հասկացությունն անգամ հստակ սահմանում չունի, ուստի անհասկանալի է, թե ինչի համար պետք է պատասխանատվություն կրեն։ Նրանց կարծիքով՝ հայցվորի դեպրեսիան կարող էր պայմանավորված լինել այլ գործոններով, ներառյալ ընտանիքի իրավիճակը։
Գրեթե միաժամանակ KGM-ի հայցով դատավարության ավարտի հետ Meta-ն պարտվել է եւս մեկ նշանակալի դատական գործ․ Նյու Մեքսիկո նահանգի դատարանը ընկերությանը պարտավորեցրել է վճարել 375 միլիոն դոլար։ Նահանգի դատախազը Meta-ին մեղադրել է Facebook, Instagram եւ WhatsApp հարթակների անվտանգության վերաբերյալ օգտատերերին համակարգված կերպով մոլորեցնելու եւ փաստացի երեխաների սեռական շահագործմանը նպաստելու մեջ։
Դատախազները ապացուցել են, որ Meta-ն հանցագործներին ապահովել է անչափահաս օգտատերերի նկատմամբ անարգել հասանելիությամբ, ինչը հաճախ իրական բռնության եւ մարդկանց թրաֆիքինգի պատճառ է դարձել։ Meta-ն հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ ունի երիտասարդ օգտատերերի պաշտպանության մեխանիզմներ եւ չի մոլորեցրել հանրությանը։
Այս գործում մեղադրանքը նաեւ հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Meta-ի ծառայությունները կառուցված են այնպես, որպեսզի հնարավորինս երկար պահեն օգտատիրոջը եւ առաջացնեն կախվածություն։ Դատախազների կարծիքով՝ դա հատկապես խոցելի է դարձնում երեխաներին։
Ամերիկացի օրենսդիրների միջկուսակցական խումբը 2022 թվականից ձգտում է, որ Կոնգրեսը քննարկի «Երեխաների առցանց անվտանգության մասինի» օրինագիծը։ Կոնգրեսականները ողջունել են KGM-ի գործով վճիռը եւ հույս են հայտնել, որ այն կնպաստի օրինագծի առաջխաղացմանը։