27 մարտի 2026 – 11:06 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ՍԴ-ում կվիճարկի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա նշել է, որ այն չի ներառել ոլորտի առաջատար ներկայացուցիչների բազմաթիվ առաջարկություններ:
«Մասնավորապես վիճարկում ենք օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 27-րդ հոդվածի 9-րդ մասի, 44-րդ հոդվածի 13-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասի, 29-րդ, 45-րդ, 78-րդ և 86-րդ հոդվածներին։
Արդյոք համապատասխանո՞ւմ են Սահմանադրությանը
- 25-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը, որով բացառապես հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նախատեսված լինելու դեպքում է թույլատրում բուհի և գիտական կազմակերպության տարածքներում մասնագիտական միավորումների, մասնագիտական միջազգային միավորումների մասնաճյուղերի, ուսանողական ինքնակառավարման կառույցների, մշակութային, մարզական միավորումների կամ արհեստակցական միությունների գործունեությունը,
- 25-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթը, որը արգելում է կրթության և գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների և միավորումների գործունեությունը բուհի և գիտական կազմակերպության տարածքում։
- 27-րդ հոդվածի 9-րդ մասի այն դրույթը, որով 65 տարին լրանալուց հետո հանրային գիտական կազմակերպության տնօրենի լիազորությունների դադարեցում է նախատեսվում,
- 44-րդ հոդվածի 13-րդ մասի այն դրույթը, որը գրեթե բացառում է Ակադեմիական քաղաքից դուրս համալսարանների և կամ դրանց մասնաճյուղերի առկայությունը։
Օրենքը համակարգային հարված է Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտին։
Այն չի ներառել ոլորտի առաջատար ներկայացուցիչների բազմաթիվ առաջարկություններ։
Լուծարվել և կազմաքանդվել է Գիտությունների ազգային ակադեմիան՝ այն դարձնելով խորհրդատվական մարմին։
Մարզային բուհերի ապագան մեծ հարցականի տակ է։ Սահմանափակված են բուհերի ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները»,-ասվում է հայտարարության մեջ:
Օրենքում սահմանվում են մի շարք նոր հասկացություններ, ինչպես նաև ամբողջապես նոր խմբագրությամբ են շարադրվում մինչ այժմ գործող սահմանումները՝ ներդաշնակեցվելով ՀՀ կրթության մինչև 2030-ի զարգացման պետական ծրագրով սահմանված թիրախներին, ինչպես նաև համադրվելով միջազգային չափորոշիչներին։
Օրենքում ամրագրվել են դրույթներ, որոնք միտված են բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման, այդ թվում՝ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, որպես գիտահետազոտական ինստիտուտներ բուհերի կազմում ընդգրկվելու, համագործակցության և աստիճանական ինտեգրման, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու իրավական հիմքեր ստեղծելուն՝ ապահովելու որակյալ բարձրագույն կրթություն և հետազոտական արդյունքներ։