Հայաստանը դիմել է Վրաստանին՝ կտեղափոխվի գազատարի 5,5 կմ հատվածը

Վրաստանը և Հայաստանը կապող գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի Հայաստանի խնդրանքով։ Համապատասխան հայտը արդեն ներկայացվել է Վրաստանի բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտ։

Փաստաթղթերի համաձայն՝ խողովակաշարի տեղանքի փոփոխությունը պայմանավորված է հայկական կողմի խնդրանքով, քանի որ գազատարի հայաստանյան հատվածը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական եռակողմ սահմանային գոտում և 90-ականներին ականապատվել է։

«Ելնելով այն հանգամանքից, որ տվյալ հատվածում հնարավոր չէ պահպանել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ, եռակողմ միջպետական համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի նշված խնդրահարույց հատվածը հեռացնել ականապատված գոտուց և կառուցել նոր գազատար՝ անվտանգ հեռավորության վրա»,- նշված է տեղափոխման հիմնավորման մեջ։

Խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետրով և կմիանա հայկական կողմից կառուցված նոր հատվածին։

Վրաստանից Հայաստան եկող խողովակաշարը բնական գազի մատակարարման հիմնական երթուղիներից է։ Հայաստանը ռուսական գազը ստանում է վրացական տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։

Leave a Comment