ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է ևս 10 օրով հետաձգել Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները՝ Թեհրանի հետ բանակցություններ շարունակելու համար:
Ըստ Թրամփի՝ որոշումն ընդունվել է Իրանի կառավարության խնդրանքով, սակայն Թեհրանը հերքում է, որ նման խնդրանք է ուղարկել:
«Իրանի կառավարության խնդրանքով ես 10 օրով կասեցնում եմ էլեկտրակայանների ոչնչացման փուլը՝ մինչև 2026 թվականի ապրիլի 6-ը, երկուշաբթի օրը, ժամը 20:00-ը Արևելյան ժամանակ։ Բանակցությունները շարունակվում են, և չնայած կեղծ լրատվամիջոցների ու այլ աղբյուրների սխալ հայտարարություններին՝ դրանք ընթանում են շատ լավ», — գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։
Անցած հանգստյան օրերին Թրամփը սպառնացել էր «ոչնչացնել» Իրանի էլեկտրակայանները, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը։ Իրանի իշխանությունները պատասխանել էին, որ ամբողջությամբ կփակեն նեղուցը նավագնացության համար։
Երկուշաբթի Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը վարում են «արդյունավետ բանակցություններ» պատերազմը դադարեցնելու վերաբերյալ և հրամայել էր հինգ օրով կասեցնել հարվածները Իրանի էներգետիկ ենթակառուցվածքի դեմ։
Չորեքշաբթի պարզվել էր, որ ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած պայմանների ցուցակ, որոնց հիման վրա պատրաստ է դադարեցնել հակամարտությունը։ Թեհրանը մերժել է այդ պայմանները և փոխարենը առաջարկել իր հնգակետանոց ծրագիրը։
Մինչ օրս անհասկանալի է մնում, թե Իրանում հենց ում հետ են ԱՄՆ-ն բանակցություններ վարում։ Մեկ օր առաջ Թրամփը նշել էր, որ իրանցի պաշտոնյաները հերքում են բանակցությունների փաստը՝ վախենալով սպանվել։
