Հացիկում հրաժարվում են թանկարժեք մշակաբույսից. անցած տարի 5 հա խաղողի այգի են քանդել

Արմավիրի մարզի Հացիկ գյուղում քանդել են խաղողի այգիների մի զգալի մասը: Միայն անցած տարի վերացվել է ավելի քան 5 հա: Այգետերերն այդ քայլին են դիմել իրացման դժվարությունների պատճառով: Անցած տարի գյուղում գործող խաղողի մթերման կետը չեղարկել էր պայմանավորվածություններն ու բերք չէր ընդունել:

Արմավիրի մարզում արդեն սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Այգետերերն էտում են պտղատու ծառերն ու խաղողի վազերը: Հացիկ գյուղը հարուստ է ծիրանի, դեղձի, սալորի ու խաղողի այգիներով: Տարիներ առաջ այստեղ գերակշռողը խաղողն է եղել, բայց այն աստիճանաբար փոխարինվել է պտղատու ծառերով: Գագիկ Թումանյանը բացատրում է, թե դա ինչով էր պայմանավորված:

«Միայն մեր գյուղն ավելի շատ խաղող էր տալիս, քան այն ժամանակվա Էջմիածնի շրջանը: Մենք խաղողի ահագին այգիներ ունեինք: Մթերման ժամանակ մեկ էլ տեսար գինն իջեցնում էին. սկզբում ասում էին՝ 140 դրամ, հետո այդ գնով չէին ընդունում: Գինն իջեցնում էին մինչև 90 դրամ, ժողովուրդն էլ ստիպված էր տալիս, միայն թե պրծներ, խաղողը, չմնար, փչանար: Ու սկսեցին քանդել այգիները, մանավանդ՝ սեղանի սորտերը, որոնք ավելի շատ էին ու չէին ընդունում: Խաղողի մթերման կետերը հիմնականում տեխնիկականն էին ընդունում»:

Հիմա գյուղում մնացել է շուրջ 200 հա խաղողի այգի: Հովիկ Սարգսյանն էլ մշակման ու իրացման դժվարություններից ելնելով 2 տարի առաջ է քանդել 3000 քմ խաղողի այգին: Կոնյակի հումք հանդիսացող խաղողի տեխնիկական «կանգուն» սորտի այգին հիմնել էր 22 տարի առաջ:

«Խաղող ունեի, քանդել եմ, որովհետև ձեռք չէր տալիս, էժան էր: 80 դրամով, որպես ինչ են խաղող հանձնում: Ասենք՝ էս տարի 150 դրամ էր, բայց դա էլ գին չի: Ավելի լավ է 100 դրամով միրգ ծախեմ, քան 120-130 դրամով խաղող, որովհետև ծախսը շատ է»:

Այգու մշակման ծախսերը նվազեցնելու համար արդեն մի քանի տարի է՝ վազերը չեն թաղում: Թեև այս ձմռանը մյուս տարիների համեմատ ավելի ցուրտ էր, գյուղացիները խաղողի չթաղված վազերի ցրտահարություն դեռ չեն նկատել: Արտակ Կարապետյանը նույնպես խաղողի տեխնիկական «կանգուն» սորտն է մշակում և չի թաղել այգին: Ցրտահարությունից պաշտպանելու նոր մեթոդ է կիրառում:

«Ճիշտն ասած՝ խաղողը պարատացնում եմ կանադական պարարտանյութով ու այդ ձևով պայքարում ցրտահարության դեմ: Արդեն քանի տարի է՝ տալիս եմ ու չեմ թաղում խաղողը: Երբևէ վտանգ չի եղել: Այգեթաղի համեմատ, կարծես թե նույն ծախսերն են. մինչև էդքան մարդ գտնեմ, բերեմ, աշխատացնեմ, փողը տամ՝ միանգամից բուժում եմ: Արդեն, երևի, 5 տարի է չեմ թաղում»:

Արտակը բերքը մշտապես հանձնում է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղին: Հացիկում էլ խաղողի մթերման կետ կա, սակայն անցած տարի բերք չի մթերել: Գյուղացիները դժգոհում են, որ մթերման պայմանավորվածությունները իրացման շրջանում չեղարկվել են:

«Խաղողը հանձնում ենք գործարան, բայց անցած տարի մթերման պայմանագրերը չեղարկեցին, տարանք, ուրիշ տեղ հանձնեցինք: Մեր գյուղի գործարանն էր, չիմացանք՝ ինչո՞ւ չընդունեցին: Անցած տարի գարնանը պայմանգիր ունեինք՝ 18 տ. էր, թե՞ 15 տ., բայց տարանք ուրիշ տեղ: Անցած տարի չաշխատեց գործարանը»:

«Պայմանագրերը կնքեց, չընդունեց, ժողովուրդին էլ գցեց էս կողմ, էն կողմ: Իմաստը ո՞րն էր, ես չեմ իմանում: Եթե ես պայմանագիր կապած լինեի՝ իրենց դատի էի տալու: Էս մարդիկ չարեցին: Վազեցին այստեղ, այնտեղ, մեծ ծախսեր արեցին ու կիստ-պռատ հանձնեցին»:

Միայն անցած տարի գյուղացիները ավելի քան 5 հեկտար խաղողի այգի են քանդել: Հացիկում հողերի կադաստրային արժեքը համեմատաբար բարձր է, հիմնականում 2-րդ կարգի հողեր են: Խաղողը թանկարժեք մշակաբույս է, որի հողի հարկը տարեկան 1 հա-ի հաշվարկով 49 հազար 80 դրամ է:

Leave a Comment