Առողջության ապահովագրությամբ և օֆերտայի սկզբունքով պացիենտներին ամբողջովին անվճար տրամադրում է 12 անուն հակացնցումային դեղ. ԱՆ

Առողջապահության նախարարությունը 2026 թվականին առողջության ապահովագրությամբ և օֆերտայի սկզբունքով պացիենտներին ամբողջովին անվճար տրամադրում է 12 անուն հակացնցումային դեղեր:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ մարտի 26-ն աշխարհում նշվում է որպես Էպիլեպսիայի իրազեկման օր։

Գերատեսչությունից նշում են, որ 8 անուն հակացնցումային դեղեր ամբողջովին անվճար երկրորդ տարին է՝ հասանելի են էպիլեպսիա ունեցող պացիենտներին:

Առողջապահության նախարարությունը, մինչ այդ տրամադրվող 3 անուն դեղի փոխարեն, 2025 թվականից 8 անուն դեղ էր տրամադրում պացիենտներին՝ այս նպատակով հատկացվող գումարը 73,8 մլն դրամից հասցնելով 228.2 մլն դրամի:

Հիմնական դեղերի ցանկում ընդգրկված 8 անուն դեղերի փոխարեն, 2026 թվականին առողջության ապահովագրությամբ և օֆերտայի սկզբունքով պացիենտներին ամբողջովին անվճար տրամադրվում  է 12 անուն հակացնցումային դեղ:

«Այս խմբի համար տարեցտարի ոչ միայն քանակապես է ընդլայնվում դեղապահովման ծրագիրը, այլև նոր դեղաչափն ու նոր դեղաձևերն են ամբողջովին անվճար հասանելի դառնում նրանց:

Այսպես, օրինակ` եթե 2018-2020 թվականներին ԱՆ հիմնական դեղերի ցանկում ընդգրկված 8 անուն դեղ էր պետությունն անվճար տրամադրում այս խմբի պացիենտներին, ապա 2025-ից` 7 նոր դեղաչափով ու 7 նոր դեղաձևով 12 անուն դեղ է նրանց հատկացվում:

Էպիլեպսիա ախտորոշմամբ մինչև 18 տարեկան երեխաների համար պետությունն ապահովում է դիսպանսեր հսկողություն, իսկ երբ այս հիվանդության բուժման միակ տարբերակ է մնում վիրահատական միջամտությունը, այն երեխաների համար ևս իրականացվում է պետական միջոցներով:

Պետության հոգածությամբ 2025 թվականին շուրջ 25 երեխայի վիրահատություն է իրականացվել:

Նյարդաբանական այս խնդիրն ունեցող մեր քաղաքացիների դեղապահովման ու բուժօգնության հասանելիության ապահովմանը զուգահեռ կարևոր է շարունակաբար պայքարել այս հիվանդության շուրջ եղած կարծրատիպերի, խարանի ու խտրական վերաբերմունքի դեմ:

Կարևոր է իմանալ` էպիլեպսիան հնարավոր է վերահսկել, ուստի նյարդաբանական այս հիվանդությամբ ապրող մարդիկ հասարակության լիարժեք անդամներ են»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Leave a Comment