Աշխարհի յուրաքանչյուր վեց երեխայից մեկը դպրոց չի հաճախում․ իրավիճակը ներկայացված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրապարակել է «Գլոբալ կրթական վիճակի մասին» զեկույցը։ Միջազգային կառույցն ընդգծում է, որ 2024-ին ամբողջ աշխարհում մոտ 273 մլն երեխա և դեռահաս զրկված են եղել կրթություն ստանալու հնարավորությունից։ Ընդ որում՝ այդ միտումը շարունակվում ու աճում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ:

Հսկայական ծախսեր պահանջող պատերազմներին զուգահեռ՝ մեր մոլորակի յուրաքանչյուր վեց երեխայից մեկը զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ այդ երեխաների թիվն ամբողջ աշխարհում աճում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ։ Ըստ հաշվարկների՝ 2024-ին 273 մլն երեխա և դեռահաս չեն կարողացել դպրոց հաճախել, ասվում է կազմակերպության «Գլոբալ կրթական իրավիճակի մասին» զեկույցում։

Պարզվում է՝ երեք դեռահասից միայն երկուսն են ավարտում ավագ  դպրոցը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները նշում են, որ այս իրավիճակի հիմնական պատճառներն են աշխարհի բնակչության աճը, ճգնաժամերը և կրթությանը հատկացվող բյուջեի կրճատումը։

Դպրոցական կրթության վիճակը անբարենպաստ է հատկապես հակամարտության գոտիներում։ Կրթությունից զրկված երեխաների իրական թիվն իրականում ավելի մեծ է, քանի որ շարունակվող հակամարտություններ ունեցող տարածաշրջաններում միշտ չէ, որ պաշտոնական վիճակագրությունը ճշգրիտ է։

Միևնույն ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում առանձին անդրադարձ կա Գերմանիայում տիրող կրթական անհավասարությունը։

«Գերմանիան կրթական հավասարության առումով հետ է մնում եվրոպական մյուս երկրներից։ Այդտեղ դպրոցականները տարբեր դպրոցներ են հաճախում ավելի վաղ տարիքից, քան մյուս երկրներում, և ծնողների սոցիալ-տնտեսական կարգավիճակը մեծ ազդեցություն ունի դրա վրա»,— ասվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ Գերմանիայում տարրական դպրոցն ավարտելուց հետո՝ հիմնականում 10 տարեկանից սկսած, երեխաների համար ծնողները տարաբնույթ միջնակարգ դպրոցներ են ընտրում, ինչն ազդում է նրանց հետագա կրթական ուղու վրա։

Հարուստ ընտանիքների երեխաների գրեթե 80 %-ին գիմնազիա ընդունվելու երաշխավորագիր է տրվում։ Դրանից հետո նրանք կարող են  ցանկացած բարձրագույն կրթությունը ստանալ։ Ներգաղթյալ ընտանիքների երեխաների մեծ մասը միայն մասնագիտական ​​կրթություն է ստանում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Գլոբալ կրթության մոնիթորինգի մասին» զեկույցը մտահոգիչ է համարում կազմակերպության գերմանական հանձնաժողովի նախագահ Մարիա Բյոմերը։ Նա կոչ է անում նպատակային ջանքեր գործադրելու կրթության հարցում անհավասարությունը նվազեցնելու համար։

«Կրթության մեջ հավասարության ապահովումը քաղաքական խնդիր է»,-ասում է Բյոմերը։

Երեխաների կրթության ապահովումը աշխարհում այսօր ընթացող պատերազմների պայմաններում հաճախ ճոխություն է թվում։ Միջազգային կառուցները տեղեկություններ են հրապարակում զոհված ու թերսնման պայմաններում ապրող երեխաների մասին։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով ավելի քան 2․100 երեխա է սպանվել կամ վիրավորվել։

Այդ կառույցի փոխտնօրեն Թեդ Չայբանի խոսքով՝ Իրանում արդեն սպանվել է 206, Լիբանանում՝ 118, Իսրայելում՝ 4, Քուվեյթում՝ 1 երեխա։ Նա չի բացառել, որ առաջիկայում այդ թվերն աճեն։

«Բախումների հետագա ընդաձրակումն ու շարունակությունը աղետալի կլինեն միլիոնավոր մարդկանց համար»,-արձանագրում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնելու ռազմական գործողություններն ու ապահովել մարդասիրական անարգել օգնություն հակամարտության գոտի։

ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի ԴիԿառլոն տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հաստատել է ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր հազարավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների մահը․

«Ուկրաինա Ռուսաստանի լիամասշտաբ ներխուժումից չորս տարի անց բռնությունն այսօր ավելացել է, քան երբևէ։ 2022-ի փետրվարից ի վեր Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հաստատել է, որ Ուկրաինայում սպանվել է 15.364 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 775 երեխա»։

ԴիԿառլոն նշել է, որ միայն այս տարվա փետրվարին քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը կտրուկ աճել է, ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է առնվազն 188 մարդ, ևս 757-ը վիրավորվել են։ Դա 45 %-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ըստ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի՝ ողջ աշխարհում այժմ ավելի քան 6,5 մլն ուկրաինացի փախստական կա, ևս 3,5 մլն մարդ ներքին տեղահանված է համարվում։

Գազայում տիրող իրավիճակը նույնպես տխուր է։ ՄԱԿ-ը դեռ անցած տարի էր արձանագրել, որ Գազայում համատարած սով է:

Որպեսզի տարածաշրջանում պաշտոնապես սով հայտարարվի, ըստ սննդի հասանելության դասակարգման համակարգի, պետք է արձանագրվի, որ բնակչության առնվազն 1/5-ը սննդի ծայրահեղ կարիք ունի, յուրաքանչյուր երրորդ երեխան սուր թերսնված է, և 10 հզր բնակչության հաշվարկով ամեն օր առնվազն երկու մարդ է մահանում սովից, թերսնումից կամ հիվանդություններից:

Ըստ այս համակարգի վրա հիմնված դիտարկումների՝ 2025-ի օգոստոսին ՄԱԿ-ն արձանագրել է, որ Գազայի բնակչության 1/4-ը՝ ավելի քան կես միլիոն մարդ, ապրում է սովի պայմաններում։ Այսօրվա վիճակի մասին ամփոփ տվյալներ դեռ չկան։

Leave a Comment