Համալիրը կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Գործադիրի որոշմամբ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվեն ԿԳՄՍ նախարարությանը։
Արդյունքում հնարավոր կլինի իրականացնել «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք»-ի մասշտաբային ծրագիրը՝ ապահովելով ՀՀ պետական սեփականություն հանդիսացող ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը և ստեղծելով արդի պահանջներին համապատասխան կինոարդյունաբերական ենթակառուցվածք:
Վերոնշյալի իրագործման նպատակով նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմ»-ի վերագործարկման ծրագիրը, որը գործելու է որպես ռազմավարության և քաղաքականության իրականացման հիմնական գործիք՝ միտված կենտրոնացված կինոարդյունաբերական քաղաքի ձևավորմանը:
«Համալիրը կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ միավորելով ստեղծարար ներուժի զարգացումն ու ենթակառուցվածքային հզորացումը։ Ըստ հիմնավորման՝ ժամանակակից աշխարհում ֆիլմարտադրությունն այլևս միայն մշակութային արտադրանք չէ», – նշվում է կառավարության հաղորդագրության մեջ։
Այն մի շարք երկրներում դիտարկվում է որպես ռազմավարական ոլորտ՝ տնտեսության զարգացման, արտահանման ընդլայնման, նոր տեխնոլոգիաների ներգրավման և միջազգային համագործակցության խթանման առումով։ Նման մոտեցումները ցույց են տալիս, որ ֆիլմարտադրությունը ոչ միայն մշակույթի տարածման միջոց է, այլ նաև տնտեսական աճի և ազգային բրենդի ձևավորման գործիք։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այն ունի բազմաստիճան ազդեցություն՝ ուղղակիորեն և անուղղակիորեն ազդելով մի շարք ոլորտների վրա։
Կառավարությունից նշում են, որ ՀՀ պարագայում ևս անհրաժեշտ է որդեգրել ոլորտային նման քաղաքականություն, որը կօգնի ձևավորել համալիր կինոարդյունաբերական համակարգ, ինչպես նաև կխթանի տեղական ստեղծարար ներուժի զարգացումը, արտադրական ենթակառուցվածքների արդիականացումը և միջազգային շուկաների ակտիվ ներգրավումը՝ դառնալով երկրի տնտեսական բազմակողմանի դիվերսիֆիկացման կարևորագույն բաղադրիչ։