Փաշինյանը խոստովանեց՝ ինքն է արել․ «Կարճ ասած»

 

Առաջ տպավորություն ունեի, իսկ հիմա համոզվածություն ունեմ, որ Փաշինյանն իր առջև նպատակ է դրել ամեն օր մի քանի միտք ասել հանրությանը բորբոքելու համար․ մե՛կ արցախցիների վրա մատ է թափ տալիս, հետո ասում է՝ ներողություն եմ ուզում խնդրեմ, երկու օր հետո էլի մատ է թափ տալիս։ Չեմ ուզում իր ադեկվատությունը քննարկել, շատերդ ունեք կասկածներ, որոնք ելույթից ելույթ հիմնավորվում են։ Այժմ կարճ անդրադարձ կկատարեմ երեկվա ու այսօրվա որոշ փայլատակումների։

44-օրյա պատերազմի համար ովքե՞ր են մեղավոր․ մեր հանրության մի մասը մեղադրում է Փաշինյանին, մի մասը մեղադրում է Ալիևին, կան մարդիկ, իհարկե, որ մինչ այս ուտում էին Նիկոլի կտերը ու ասում էին՝ նախկինները։ Բայց բոլոր կասկածները երեկ փարատեց, ասում է՝ ես եմ արել։ Նա ասում է՝ ես գիտակցված զոհողություն եմ արել 2020 թվականին։ Այսինքն՝ Փաշինյանի առաջ եղել է պատերազմ, թե խաղաղություն երկընտրանքը, ինքը ընտրել է պատերազմը, իր առաջ եղել է՝ Արցախի կորուստ, թե՝ ինքնորոշման ճանաչում երկընտրանքը, ինքը ընտրել է Արցախի հանձնումն Ադրբեջանին։ Գիտակցված զոհողություն է արել, ու զոհել է ամեն ինչ, բացի իրենից, միայն իրեն բան չպատահեր․ ասել է Արցախը Հայաստան է և վերջ, Շուշիում տռճիկ է տվել, ասել է՝ Ադրբեջանը ներսից կքանդեմ, հրաժարվել է բանակցել, բերել է պատերազմ, գիտակցաբար հրաժարվել է պատերազմը կանգնեցնելու առաջարկներից, մեկի փոխարեն՝ երկու անգամ, գիտակցված տվել է 5 հազար զոհ, 10 հազարից ավելի վիրավոր, բլոկադա, Արցախի ամբողջական հանձնում, ՀՀ տարածքի օկուպացիա։ Այդ բոլորը արել է գիտակցված ու հիմա էլ գիտակցված Հայաստանի հետ փորձում է անել նման մի բան։

Ինչու ենք համոզված, որ Հայաստանի հետ ուզում է անել նույնը, ինչ Արցախի հետ։ Այս մարդիկ ասում են, թե Ադրբեջանի հետ խաղաղություն է, բայց էլի գիտակցված հրաժարվում են այդ խաղաղությունը դարձնել երաշխիքներով։ ՀՀ երկրորդ նախագահը վաշինգտոնյան համաձայնագրից ի վեր հայտարարում է, որ մեզ պետք են երաշխիքներով խաղաղություն։ Օրերս փոդքասթում բերեց օրինակներ երկրների, որոնցում կան խաղաղության պայմանագիր և չկա երաշխավոր, ու երկիրը քայքայվել է պատերազմներից, և ևս օրինակ, որտեղ չկա պայմանագիր, բայց կա երաշխիք, ու պատերազմ չի լինում։ Եթե այս իշխանությունը նույն ջանասիրությամբ պայքարեր Ադրբեջանի դեմ 2020 թվականին, ինչքան որ այսօր պայքարում է խաղաղության երաշխիքների դեմ, պատերազմում չէինք պարտվի։ Լավ, ժողովուրդ, ինչո՞ւ է այս իշխանությանը խանգարում երաշխավորը, ինչո՞ւ չեն ուզում, որ մեր խաղաղությունը լինի ամուր, երաշխավորված․ եթե չեն ուզում երաշխավոր, ուրեմն ՔՊ-ն ուզում է պատերազմ կամ պատերազմի մշտական վտանգ, հակառակ դեպքում՝ անհասկանալի է։

Երաշխավորը ամեն տեղ է պետք․ կենցաղային օրինակ եմ բերում․ երբ գնում եք բանկից վարկ վերցնելու, երաշխավոր են ուզում, չէ՞։ Մեծ բանկ, պուճուր մարդիկ, բայց երաշխավոր է ուզում։ Պարտված Հայաստանը խաղաղություն է իբր կնքում հաբրգած Ադրբեջանի հետ ու ասում է՝ ինձ երաշխավոր պետք չէ։ Մի քիչ խոսում է ու հասկանում ես, որ սրա մտքում ուրիշ բան է։ Ասում է՝ Ռուսաստանը վատ երաշխավոր է, Թուրքիան լավ երաշխավոր է, Կիպրոսում խաղաղություն է։ Թուրքիան օկուպացրել է Կիպրոսը, Նիկոլի համար Թուրքիան լավ երաշխավոր է։ Արցախում էլ է խաղաղություն, բայց հայ չի ապրում։ Իրականում Կիպրոսի խաղաղության երաշխավորը բոլորովին Թուրքիան չէ։ Բայց սա Հայաստանի համար խաղաղությունը կապում է Թուրքիայի բարի կամքի հետ։ Ասում է՝ ՀԱՊԿ-ը մեզ սպանդանոց է տարել, լավ երաշխավոր չէր։ Ըստ Փաշինյանի՝ ինչի՞ համար էր ՀԱՊԿ-ը․ նրա համար, որ դուք բանակցություններից դուրս գաք, սադրեք պատերազմ, ինչպես խոստովանում եք՝ գիտակցաբար տանեք պատերազմի, ՀԱՊԿ-ը գա կռվի՞։ Ինչի՞ համար է ՀԱՊԿ-ը։ Արցախը ճանաչեք Ադրբեջան, ՀԱՊԿ-ը գա կռվի՞, դուք չկռվեք, ՀԱՊԿ-ը կռվի՞։ Ասում է Ռուսաստանը անվտանգության վատ երաշխավոր է։ Վատ երաշխավոր է՝ ԱՄՆ-ում էիր բանակցում, նախաստորագրում, իրենց դարձնեիք երաշխավոր։

Իսկ ինչո՞ւ չի ուզում Նիկոլը, որ լինի երաշխավոր․ երկրորդ նախագահը բավական դիպուկ բացատրել է․ որպեսզի խաղաղությունը կապվի Նիկոլի անվան հետ ու ասեն՝ եթե Նիկոլը չլինի, կլինի պատերազմ։ Բայց Նիկոլն էլ իր հերթին խաղաղությունը կապի զիջումների հետ՝ եթե չտանք, չզիջենք, սահմանադրություն չփոխենք և այլն չանենք, կլինի պատերազմ։

Ռոբերտ Քոչարյանը մի հատ փոդքաստ է անում, ՔՊ-ն ընկնում է հոգեխանգարմունքի մեջ։ Ասում են՝ Քոչարյանը ո՞նց է պատկերացնում խաղաղության երաշխիքը։ Տարօրինակ հարց․ պատկերացնում է հենց այնպես, ինչպես եղել է իր օրոք՝ 10 տարի բացարձակ խաղաղ։ Ռոբերտ Քոչարյանն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ կառավարել են նույն երկիրը։ Մեկի ժամանակ եղել է բացարձակ խաղաղ, մյուսի ժամանակ՝ 3 պատերազմ, ու հիմա ասում են՝ նա խաղաղություն չի ուզում, ո՞նց է պատկերացնում և այլ աբսուրդ բաներ։ Այսինքն, եթե սրանց մտքին չկա էլի մի ողբերգություն մեր գլխին բերելու, ուրեմն կգնային փորձառուի մոտ, կընկնեին ոտքերը, կասեին՝ ասեք իմանանք, սովորենք, թե ոնց երկիրը պահենք խաղաղ։

Երկրորդ նախագահը խոսում է արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Սրանք ասում են՝ չէ, թող էն ժամանակ դուրս չգային․ Նիկոլի առաջարկը դա է․ մնայիք՝ ցեղասպանվեիք․ ինչպես որ Արցախն էր իր համար գլխացավանք, քանդեց-հանձնեց-պրծավ, այնպես էլ արցախցիները։ Պետք է, ասում է, չվերադառնան, ի՞նչ միջազգային իրավունք։ Դա ձեր որոշելով չէ։ Երբ դուք դեմ եք վերադարձին, ուրեմն խիստ կասկածներ կան ձեր իշխանության ծագումնաբանության վերաբերյալ, որովհետև մեկ էլ մեր թշնամիներն են դեմ, որ հայկական Արցախում հայ ապրի։ Սրանք չնայած որ ունեն յան-ով վերջացող ազգանուն, բայց իրենց քայլերը, գործողությունները չեն զիջում ադրբեջանցիներին, իսկ հակահայ ու հակապետական խոսույթը հաստատ գերազանցում է բազմապատիկ։ Ժամանակին մտածում էինք՝ կա Նիկոլ ու նրա ուսապարկեր, հիմա բոլորը Ալիևի ուսապարկի տպավորություն են թողնում։ Ինչ նա է ասում, այստեղ նույնը խոսում են, ինչ պահանջում է, այստեղ կատարում են։ Տարբերությունը միայն ազգանուններն են։

Կարճ սած՝ Նիկոլն ասում է՝ մենք խոստանում էինք նավը հասցնել խաղաղ նավահանգիստ, հասցրել ենք, բայց ուղևորները խաղաղ չեն։ Նախ դու նավահանգիստ չես հասցրել, հասցրել ես նավը Բերմուդյան եռանկյունի։ Բայց եթե քեզ թվում է նավահանգիստ ես հասցրել ու դժգոհ ես, որ ուղևորները չեն խաղաղվում, պատճառն այն է, որ քո ուղևորները նստել են նավ, որի վրա գրված էր մեծ օվկիանոս տանելու մասին, բայց օվկիանոսի փոխարեն դու տարար ինչ-որ մի գյոլ։ Դու սխալ տեղ ես այդ նավը տարել։ Երեք անգամ էդ նավի վրա ուրիշ հասցե ես գրել, պասաժիրներ ես հավաքել ու երեք անգամ էլ տարել ես ուրիշ տեղ՝ պասաժիրների մի մասին սպանելով, նավից մասեր պոկելով։ Էդ ուղևորները էլ չեն ուզում, որ դո՛ւ նավը տանես, նրանք պահանջում են նավապետին ոչ միայն հեռացնել, այլև ենթարկել խիստ պատասխանատվության։

ժողովուրդ ջան, մենք բոլորս Նիկոլի ասած այդ նավի մեջ ենք, ու մեր ճակատագիրը՝ մեզանից յուրաքանչյուրի, մեր մեռնել-ողջ մնալը կախված է նրանից՝ այդ նավապետին երբ կհեռացնենք ու կենթարկենք պատասխանատվության, թե՞՝ չէ։ Սրանց էքսպերիմենտները կյանքեր են արժենում, ճակատագրեր խեղում։

Մեզ փորձառու նավապետ է պետք։

Սևակ Հակոբյան

Leave a Comment