Զոհված զինծառայողների ծնողների ակցիան դատախազության դիմաց՝ պատերազմի մեղավորներին դատապարտելու պահանջով

Զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Գլխավոր դատախազության դիմաց՝ պատերազմի մեղավորներին դատապարտելու պահանջով։ Նրանք փաստաբան Վահան Հովհաննիսյանի ուղեկցությամբ նամակ են փոխանցել ԳԴ։

Դիմումատուները պնդում են, որ երեկ՝ մարտի 25-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե 2020-ին գիտակցված զոհողության է գնացել, և դրա արդյունքում է, որ ձեռք ենք բերել պետություն ու անկախություն, ինքնախոստովանություն է։ Փաշինյանն ասել էր, որ մինչ այդ բոլոր զոհողությունների հեղինակը «մենք չենք հանդիսացել, մեզ տարել են կառափնարան և զոհել իրենց շահերին»։

Ծնողները հույս են հայտնել, որր ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո այդ հայտարարությանը կտրվի իրավական պատասխան, և բոլոր մեղավորները պատասխան կտան զոհերի համար։

Պատերազմում զոհված զինծառայող  Մխիթար Գալեյանի մայրը ասել է, որ իր 20-ամյա տղան զոհվել է «ինչ-որ մարդու աթոռի համար»։

«Ես չգիտեմ՝ այս մարդն ով է, որ ամեն առավոտ արթնանում է քնից, բացում է իր հեռախոսը և հիանում իրենով։ Բայց ուզում եմ հիասթափեցնել քեզ։ Դու դա չես, դու ընդամենը պարտված ղեկավար ես։ Եթե նա մի փոքր ինքնասիրություն ունենար, 2020-ի նոյեմբերից հետո պետք է հեռանար՝ տեղը զիջելով ավելի հզոր մարդու»,- նշել է նա։

Ըստ Հովհաննիսյանի՝ այն դիմումը, որն այսօր ուղղում են դատախազություն, միտտված է ապագային, քանի որ այս իշխանություններից սպասելիքներ չունեն։

«Սկսվել է ընտրապայքար, իսկ պայքարի ամեն կողմը որոշակի գործիքակազմից է օգտվել։ Նիկոլ Փաշինյանը մարտի կանոններն անտեսում է։ Ինքը մտել է պայքարի մարտ՝ առանց կանոնների եղանակով, որի դեմ պայքարելը շատ դժվար է։ Պայքարի եղանակներից մեկն էլ այս իրավական նախաձեռնությունները նախաձեռնելն է»,- պարզաբանել է նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ դիմում ներկայացնելու խնդրանքով իրեն դիմել են զոհված զինծառայողների ծնողները։

Զոհված զինվորի հայր Բորիկ Կոյտիկովը նշել է, որ Փաշինյանն առնվազն երկու անգամ ունեցել է պատերազմը կանգնեցնելու հնարավորություն, սակայն չի արել դա։ «Ես զարմանում եմ, որ իր հետևից մինչև հիմա մարդիկ են գնում, անկեղծ։ Ես մի բան գիտեմ, որ իմ հոգու մեջ պետք է ջուր չդառնա»,- նշել է նա։

Leave a Comment