«Սրբազան պայքար»-ի գործով դատարանն անընդունելի համարեց ՔԿ նախագահին և գլխավոր դատախազին հարցաքննելու միջնորդությունը

«Սրբազան պայքար»-ի գործով նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը ներկայացրել էր այն ապացույցների ցանկը, որոնք ցանկանում էր՝ հետազոտվեին դատարանում։

Այս դատական նիստին հանրային մեղադրողները իրենց դիրքորոշումը ներկայացրին՝ գրավոր ապացույցների հետազոտման առումով սկզբունքորեն առարկություն չունեն, բացառությամբ՝ գլխավոր դատախազին, ՔԿ նախագահին և ԱԱԾ ծառայող Սուրեն Աղաջանյանին հարցաքննելու միջնորդության։

Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ միջնորդությունը չի նշանակում, թե բոլոր գործերով պետք է պաշտոնատար անձինք գան, հարցաքննվեն, բայց նաև ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում, որ այդ պաշտոնատար անձինք նման կարևորության գործերով հրապարակային հայտարարություններ պետք է անեն՝ անձանց հանիրավի մեղադրելով տարբեր երևույթների մեջ։

«Ուստի, իրենց ակտիվ գործողությունների արդյունքն է, որ հայտնվել են այս միջնորդության մեջ»,- նշեց պաշտպանը։

Դատախազ Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ միջնորդությունը կարող է քննարկվել ապացույցների հետազոտումից հետո։ «Եթե ես գտնեի, որ իմ կողմից ներկայացված անձանց ցանկն ուղղակիորեն պայմանավորված է այլ ապացույցների հետազոտումով, բնականաբար, էդ միջնորդությունը կհետաձգեի»,- հայտնեց պաշտպանը։

Դատարանը որոշեց մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցների ծավալը գրավոր ապացույցների մասով ամբողջությամբ ընդունել, ինչպես նաև՝ հարցաքննել 34 վկաների։ Դատարանն ընդունեց նաև պաշտպանական կողմի առաջարկած անձանց՝ Գառնիկ Դանիելյանին և Հովհաննես Ավետիսյանին որպես վկա ներգրավելու միջնորդությունը։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը նաև հայտնեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած գրավոր ապացույցների մի մասը համընկնում է մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցների հետ։ Գրավոր ապացույցների ուսումնասիրությունից և վկաներին հարցաքննելուց հետո մեղադրյալները ցուցմունքներ կտան։

«Ինչ վերաբերում է ՔԿ նախագահին և գլխավոր դատախազին, այդ մասով անընդունելի է պաշտպանական կողմի միջնորդությունը»,- հայտնեց դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը։

Դատավորը նշեց՝ ապացույցների ծավալի հետազոտումից հետո կարող են լրացում անել և քննարկել այդ հարցերը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 2-ին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment