ՄՕԿ-ն արգելել է տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը կանանց մրցումներին

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշում է կայացրել արգելել տրանսգենդեր անձանց մասնակցությունը կանանց մրցումներին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերից սկսած կանանց մրցումներին կարող են մասնակցել միայն կենսաբանական կանայք, ինչը որոշվելու է SRY գենի առկայության թեստի հիման վրա:

«Այս քաղաքականությունը, որը հիմնված է փաստերի և փորձագիտական գնահատականների վրա, ուղղված է կանանց մրցումներում արդարության, անվտանգության և ազնվության ապահովմանը: Այն հետադարձ ուժ չունի և չի տարածվում սիրողական սպորտային ծրագրերի վրա», – ասված է հաղորդագրության մեջ:

ՄՕԿ-ի ղեկավար Քիրսթի Քովենթրին նոր քաղաքականությունն արդարացի է անվանել՝ նշելով, որ այն հիմնված է գիտական տվյալների վրա և մշակվել է բժշկական փորձագետների կողմից: «Օլիմպիական խաղերում նույնիսկ ամենափոքր առավելությունը կարող է որոշիչ լինել հաղթանակի և պարտության միջև: Ուստի ակնհայտ է, որ անարդարացի կլիներ, եթե կենսաբանական տղամարդիկ մրցեին կանանց կատեգորիայում: Ավելին, որոշ մարզաձևերում դա անգամ անվտանգ չէ», – ասել է նա:

2024 թվականի Օլիմպիական խաղերում բռնցքամարտի կանանց մրցումներում հաղթող էին դարձել Թայվանի ներկայացուցիչ Լին Յու-թինը (մինչև 57 կգ) և Ալժիրի ներկայացուցիչ Իման Խելիֆը (մինչև 66 կգ): Օլիմպիական խաղերի ավարտից հետո ֆրանսիացի լրագրող Ջաֆար Այտ Աուդիան հրապարակել էր Խելիֆի գենդերային թեստի արդյունքները: Ըստ զեկույցի՝ Խելիֆի մոտ արգանդի բացակայություն և ներքին ամորձիների առկայություն է հայտնաբերվել: Քրոմոսոմային թեստը հաստատել է XY կարիոտիպը, իսկ հորմոնալ թեստը արձանագրել է տեստոստերոնի մակարդակը, որը համապատասխանում է տղամարդկանց ցուցանիշին:

Leave a Comment