Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելի Հայֆա քաղաքի «կենսական կենտրոններին», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Tasnim գործակալությանը։
Նշվում է, որ հարվածներն իրականացվել են անօդաչու թռչող սարքերով:
Իրանի բանակի հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունն իրականացվել է՝ Իրանի հրթիռային և անօդաչու ներուժի վրա հարձակումների վերաբերյալ «թշնամու հայտարարություններին ի պատասխան»:
Ըստ իրանական կողմի՝ հարվածների թիրախում են եղել իսրայելական նավատորմի հետ կապ ունեցող նավաշինարանը, ինչպես նաև իսրայելական կործանիչների համար նախատեսված վառելիքի պահեստները:
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել են Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ են հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
