
Երևանի «Կանազ» մշակույթի տունը, որը դատարանի որոշմամբ 2024 թվականին վերադարձվել էր համայնքին, նախատեսվում է վերակառուցել՝ պահպանելով դրա պատմական և ճարտարապետական դիմագիծը, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը։
Շենքը մինչև այդ՝ 2017 թվականից, գտնվել էր «Արվեստի այբուբեն» մշակույթի հիմնադրամի տնօրինության տակ, սակայն խոստացված 480 մլն դրամի ներդրումները չեն իրականացվել։ Արդյունքում, շինությունը տարիների ընթացքում հայտնվել է անմխիթար վիճակում։
Համայնքային սեփականության վերականգնումից հետո շենքում դեռևս վերանորոգման աշխատանքներ չեն մեկնարկել։ Այդ ընթացքում արձանագրվել են նաև ապօրինի ներխուժումներ, որոնց հետևանքով վնասվել է գույքը։ Վերջերս տեղի ունեցած հրդեհի հետևանքով հիմնականում տուժել են տանիքն ու ներքին հարդարանքը, մինչդեռ ճակատային հատվածը պահպանվել է։
Քաղաքապետարանում շենքի վերականգնումը դիտարկվում է որպես առաջնահերթություն։ Նոր նախագծով նախատեսվում է ստեղծել բազմաֆունկցիոնալ կրթական միջավայր՝ հիմնված STEAM կոնցեպտի վրա, որը միավորում է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունը, արվեստը և մաթեմատիկան։ Նախագծի իրականացման դեպքում «Կանազ» մշակույթի տունը կդառնա արդիական կրթական հարթակ՝ նախատեսված հարյուրավոր երեխաների համար, ապահովելով նրանց մշակութային և գիտական զարգացման նոր հնարավորություններ։