Իսրայելը հայտարարել է Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

Իսրայելը հայտարարել է, որ գիշերային հարվածի հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին, փոխանցում է Associated Press-ը։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքով՝ հարվածի հետևանքով սպանվել են նաև ռազմածովային այլ բարձրաստիճան հրամանատարներ: Կացը նշել է, որ Թանգսիրին պատասխանատու էր Հորմուզի նեղուցում նավերի անցումն արգելափակող ռմբակոծությունների համար:

«Այս հարվածը պետք է հստակ ուղերձ լինի իրանցի բարձրաստիճան զինվորականներին, որ իսրայելական բանակը նրանց կհետապնդի ամենուր»,-ասել է Կացը:

Իրանն առայժմ չի հաստատել Թանգսիրիի սպանությունը:

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Գործողության արդյունքում զոհվել են Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ են հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:

Leave a Comment