20 կգ թմրամիջոցն ապօրինի իրացրած անձինք կալանավորվել են

20 կգ թմրամիջոցն ապօրինի իրացրած անձինք կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների հետ  համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ 20 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելու և հետագայում դրանք ՀՀ-ում այլ անձանց իրացնելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի հանգամանքները: 

Մասնավորապես, նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Երևանի բնակիչ Ա.Մ.-ն և Վանաձորի բնակիչ Հ.Դ.-ն, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի ձեռք բերելու դիտավորությամբ, 2026 թվականի փետրվարի 2-ին վերցրել են ՀՀ տեղափոխված թմրամիջոցների պարունակությամբ պոլիէթիլենային փաթեթները, դրանք  տեղադրել ավտոմեքենայի սրահում, տեղափոխել Արարատի մարզում գտնվող հյուրանոց և թաքցրել: Սակայն, վերջիններս ձերբակալվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ա.Մ.-ի և Հ.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությանն օժանդակելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Leave a Comment