Փոքր հողակտորներում ևս տուն կառուցելու իրավունք կտրվի․ Սահմանափակումը հանվել է

Փոքր հողակտորներում ևս տուն կառուցելու իրավունք կտրվի․ Սահմանափակումը հանվել է

26 մարտի 2026 – 15:17 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանում վերացվել է սահմանափակումը, որը թույլ չէր տալիս 400 քմ փոքր հողակտորների վրա բնակելի տուն կառուցել։ Կառավարության մարտի 26-ի նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հիշեցրել է, որ ԼՂ-ից տեղահանված քաղաքացիները վարչապետի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել էին այդ հարցը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ, այո՛, այդ սահմանափակումը հանված է, և նրանք կարող են մինչև 400 քառակուսի մետր համապատասխան նշանակության հող ձեռք բերել և իրենց անհատական բնակելի տունը կառուցել»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:

Վարդանյանն ասել է, որ ՀՀ-ում կա մոտ 40 հազար չկառուցապատված հողակտոր, որոնք փոքր են 400 քառակուսի մետրից:

«Նաև այդ կարգավորումն ենք փոխել, և այդ հնարավորությունն ենք ընձեռել, որպեսզի այն քաղաքացիները, որոնք կուզեն կա՛մ ձեռք բերել, կա՛մ ունենալ այդ հողակտորը, արդեն կարգավորումները թույլ տան այնտեղ բնակելի տուն կառուցելու»,- ասել է Եղիազար Վարդանյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ նախկինում գործում էր կարգավորում, ըստ որի՝ նույնիսկ նպատակային նշանակությամբ կառուցապատման հողերի դեպքում չէր թույլատրվում շինարարություն իրականացնել, եթե հողակտորը փոքր էր 400 քառակուսի մետրից։

Այս համատեքստում Վարդանյանը նշել է. «Հիմա քառակուսի մետր մակերեսի սահմանափակումը հանել ենք: Միայն պայմաններ ենք դրել, որ այդ հողակտորները պետք է ունենան մուտքի և ելքի պատշաճ ճանապարհ, և հակահրդեհային նորմերը սահմանված կարգով ապահովված լինեն, և այդ հողակտորների վրա կարող է կառուցապատման տոկոսը լինել մինչև 40 տոկոս, բայց հողակտորի մակերեսի սահմանափակումը հանել ենք»։

Փաշինյանը հավելել է. «Պատկերավոր ասած՝ 100 մետրի վրա 40 մետրը կարելի է տրամադրել կառուցապատմանը: Այսինքն՝ մենք փոխել ենք հիմա դա, և 400 մետրից ներքև էլ կարելի է կառուցապատում անել»։

Վարչապետը կարծիք է հայտնել, որ այս փոփոխությունը դրական է և վկայում է «կուլտուրայի» փոփոխության մասին, ինչին նպաստում է նաև 16 միլիոն դրամի բնակարանային ծրագիրը։

«Առանձնատների չափերի փոփոխություն է տեղի ունենում, ու սա նորմալ է, որովհետև մարդիկ սկսում են ռացիոնալ հաշվարկել: Բա կոմունալ ծախս կա, պահպանման ծախս կա»,- նշել է նա։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ իր պաշտոնավարման ընթացքում տարբեր երկրներ այցելելիս նկատել է մի միտում՝ որտեղ պետություններն ու հասարակությունները ավելի զարգացած են, այնտեղ առանձնատների չափերը փոքր են։

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով նախատեսված աջակցության չափերը կվերանայվեն։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում:

Leave a Comment