Հայաստանում զբոսավարների որակավորումը կդառնա պարտադիր – armeniatoday.am

ՀՀ կառավարությունը մարտի 26-ի նիստում հավանություն է տվել Հայաստանում գործունեություն իրականացնող զբոսավարների և ուղեկցորդների պարտադիր որակավորման համակարգ ներդնելու ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախագծին։

Ըստ նախագծի՝ որակավորումը կդառնա պարտադիր, իսկ գործունեությունը թույլատրվելու է միայն համապատասխան վկայական ստացած անձանց համար։

Հիմնավորման համաձայն՝ ներկայում ոլորտը ամբողջությամբ կարգավորված չէ, ինչի հետևանքով զբոսավարական գործունեությամբ զբաղվում են տարբեր պատրաստվածության անձինք, այդ թվում՝ օտարերկրացիներ, որոնք միշտ չէ, որ բավարար գիտելիք ունեն Հայաստանի պատմության, մշակույթի և օրենքների մասին։ Գործադիրում կարծում են, որ պարտադիր որակավորման համակարգը թույլ կտա բարձրացնել ծառայությունների որակը և ապահովել զբոսաշրջիկներին տրամադրվող տեղեկատվության ճշգրտությունը։

Նախատեսվում է ներդնել երեք տեսակի որակավորման ընթացակարգ՝ պարզեցված, արագացված և կանոնավոր, որպեսզի և՛ փորձառու, և՛ սկսնակ զբոսավարները կարողանան անցնել համապատասխան ստուգում և վերապատրաստում։ Նախագծում հավելել են, որ համակարգի ներդրումը նաև պետք է ապահովի զբոսաշրջիկների անվտանգությունն ու Հայաստանի մասին տրամադրվող տեղեկատվության ճշգրտությունը։

Նոր համակարգով կսահմանվեն զբոսավարների և ուղեկցորդների վերապատրաստման, ատեստավորման և գործունեության միասնական պահանջներ։ Նախագծով սահմանվում են զբոսավարների և ուղեկցորդների որակավորման կարգը, վերապատրաստման ծրագրերը, մասնագիտացման ուղղությունները, ինչպես նաև վկայականների և անվանաքարտերի ձևերը։

Կարդացեք նաև՝

Հայաստանում զբոսավարների նկատմամբ նոր պահանջներ կսահմանվեն․ Լուսինե Գևորգյան

Leave a Comment