Սպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ-ին պատկանող բեռնատարը և «Volkswagen»-ը. կան տուժածներ

Մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Մեծ Պարնի բնակավայրի խաչմերուկում, բախվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և «Ուրալ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հնարավոր է նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Ուրալը» հաշվառված է ՀՀ ՊՆ N զորամասի հաշվեկշռում, իսկ բախման հետևանքով էլ «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Leave a Comment