Կառավարությունը հավանություն է տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի ղեկավարած «Երկրապահ կամավորականների միությանը» 271,9 մլն դրամ հատկացնելու նախագծին։
Պաշտպանության նախարարության նախագծում նշվում է, որ ԵԿՄ-ն ՀՀ պաշտպանության նախարարին դիմել է ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով՝ իր առաքելությունը լիարժեք և պատշաճ իրականացնելու համար: ՊՆ-ն հավելել է, որ գումարը կազմակերպության 2026 թվականի գործունեությունն ամբողջ ծավալով ապահովելու համար է։ Ըստ հիմնավորման՝ ԵԿՄ-ն համագործակցում է պաշտպանության նախարարության հետ, մասնակցում է պաշտպանական խնդիրների կատարմանը և ներգրավված է ապագա զինվորների պատրաստման գործընթացում։
Նշվում է նաև, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում կազմակերպությունն ունեցել է 74 զոհ և 114 վիրավոր, իսկ հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 կամավորական ծառայել է մարտական դիրքերում։
Նախագծով առաջարկվում է գումարը հատկացնել կառավարության պահուստային ֆոնդից և տրամադրել եռամսյակային դրամաշնորհների ձևով։ Նշվում է, որ 2021-2025 թվականներին ԵԿՄ-ին տարեկան հատկացվել է 234,6 մլն դրամ, իսկ նոր նախագծի ընդունման դեպքում 2026 թվականի բյուջեի ծախսերը կավելանան 271,9 մլն դրամով։
Միքայելյանը, որը 2025-ին չէր ընտրվել ՔՊ վարչության կազմում, 2026-ի փետրվարին հայտարարել էր, ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ԱԺ ընտրության համամասնական ցուցակում։
Միքայելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է 2013-ից։ 2017-ին պատգամավոր էր ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի ցուցակով, 2018-ին՝ «Իմ քայլը» դաշինքի Կոտայքի մարզի վարկանիշային ցուցակով։
