Խարդախության սխեմա. ո՞վ կարող է կանգնեցնել Մոնիկա Գալստյանին

Մոնիկա Գալստյանի վերաբերյալ առկա բազմաթիվ դատական վճիռները և քրեական վարույթները չեն խանգարում, որ նա շարունակի խարդախության նոր սխեմաներ գծել ու իրագործել: Դատարանը նրա դեմ վճիռներ է կայացնում, սակայն տուժողները մնում են առանց փոխհատուցման:

Անի Դարբինյանը որոշել էր իր ֆոտոխցիկը վարձակալության տալ։ 2023 թվականի մարտի 4-ին List.am հարթակում հայտարարություն տեղադրելուց հետո նրան առաջին զանգահարողը եղել է Մոնիկա Գալստյանը։ Նրանք հանդիպել են Անիի գրասենյակում՝ Խանջյան փողոցում։ Կնքվել է պայմանագիր, որտեղ նշվել են նաև Մոնիկա Գալստյանի անձնագրային տվյալները, Մոնիկան որևէ կասկածի տեղիք չի տվել։ Խցիկը տրամադրվել է մեկ օրով, օրավարձը՝ 15 000 դրամ։ Անի Դարբինյանի ֆոտոխցիկը պրոֆեսիոնալ նկարահանումների համար էր, շուկայական գինը՝ մոտ 1 մլն դրամ։ 

Հաջորդ օրերին Մոնիկա Գալստյանը տարբեր պատճառաբանություններով երկարացրել է ֆոտոխցիկը վերադարձնելու ժամկետը։ Ասել է, թե նկարահանումներ ունի, քաղաքից դուրս է գտնվում։ 

«Ինձ էնպիսի նամակներ էր գրում, որ սկզբում մտածում էի՝ իրոք, գուցե մի քանի նկարահանում է պլանավորել և չի կարողանում ֆոտոխցիկը վերադարձնել։ Ասում էր, թե Խոսրովի արգելոցում զբոսաշրջիկների հետ նկարահանման է, հետո էլ, թե՝ մեկ այլ տեղ են գնացել։ Հասկանում էի, որ մի բան այն չէ։ Մարտի 10-ին նկարահանում ունեի, նախորդ օրն ասել էի, որ ֆոտոխցիկն ինձ պետք է, բայց այդ օրն այդպես էլ այն ինձ չվերադարձրեց։ Ես առաջարկեցի, որ ինքս գնամ ֆոտոխցիկի հետևից, քանի որ ասել էր՝ այդ օրը չի վերադառնալու, բայց խնդրեց, որ չգնամ, իբրև զբոսաշրջիկների մոտ սխալ տպավորություն չթողնելու համար»,-պատմում է Անին։ 

Մոնիկան Անիին չէր վճարել տեխնիկայի վարձակալության համար։ Մարտի 13-ին Անիին հայտնել է, թե նկարահանման ժամանակ ֆոտոխցիկը ձեռքից ընկել և կոտրվել է։ Խոստացել է փոխհատուցել Անիին պատճառված վնասի համար ու նոր ֆոտոխցիկ գնել։

«Շատ երկար ժամանակ սպասում էի ֆոտոխցիկին։ Սկզբում ասաց, թե իր հարազատներն են գնելու և ուղարկելու Ռուսաստանից, հետո էլ ասաց, որ ես իրեն սխալ եմ հասկացել ու պետք է այստեղից ձեռք բերի։ Ի վերջո, երկար բանակցելուց, բազմաթիվ դատարկ խոստումներ լսելուց հետո հասկացա, որ խաբեության զոհ եմ դարձել։ Մոնիկան ուղղակի դադարեց ինձ պատասխանել, ես դիմեցի իրավապահներին»,-պատմում է Անի Դարբինյանը։

Անին այս մասին տեսանյութ է նկարել և տեղադրել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում։ Հրապարակումից հետո նրան գրել են տասնյակ մարդիկ ու պատմել, որ տարբեր ժամանակներում Մոնիկա Գալստյանի հետ գործարքի մեջ են մտել և տուժել են։ Շատերը, սակայն, ոստիկանություն չեն դիմել՝ վնասը փոքր լինելու կամ դատական գործընթացներից խուսափելու պատճառով։

Տեսանյութը տեղադրելուց հետո Անիի հետ կապ է հաստատել իր լուսանկարիչ ընկերներից մեկն ու պատմել, որ օրեր առաջ մի կին իր մոտ է բերել այդ նույն ֆոտոխցիկն ու առաջարկել գնել, սակայն այդ պահին ինքը գումար չի ունեցել և ֆոտոխցիկը չի գնել։

Անի Դարբինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ:  2023 թվականի հուլիսի 6-ին վարույթը փոխանցվել է դատարան։ Դատարանը Մոնիկա Երվանդի Գալստյանին մեղավոր է ճանաչել և պատիժ նշանակել՝ տուգանք նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով՝ 1 մլն 875 000 դրամ, որից 1 մլն 63 հազար դրամը՝ որպես տուժողի գույքային վնաս:

Մեղադրյալը բողոքարկել է վճիռը՝ վերաքննիչ և Վճռաբեկ ատյաններում, սակայն վճիռն անփոփոխ է մնացել։  Չնայած դատարանի վճռին, Մոնիկա Գալստյանը Անի Դարբինյանին չի փոխհատուցել։ 

«Իմ գործը ես համարում եմ լուծված, որովհետև դատը շահել եմ, չնայած փոխհատուցում չեմ ստացել, դատարանի վճիռը չի կատարվել։ Ինքն անգամ վերջին դատական նիստին ինձ ասաց՝ իբր ի՞նչ, որ դատը շահես ի՞նչ կփոխվի։ Բայց խնդիրը միայն իմը չէ, եթե մարդը շարունակում է նույն կերպ գործել, ավելին՝ նոր ոլորտներ է մտնում, նշանակում է դեռ շարունակում է հանրության համար վտանգ ներկայացնել, ստացվում է, որ յուրաքանչյուր մարդ կարող է նրա պոտենցիալ զոհը լինել»,-ասում է Անին։

Անի Դարբինյանի խոսքով, խարդախությունների վերաբերյալ «Հետքի» հրապարակումները տեսնելուց հետո որոշել է բարձրաձայնել նաև իր հետ կատարվածի մասին, որպեսզի Մոնիկա Գալստյանի թիրախում նոր զոհեր չհայտնվեն։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում Մոնիկա Երվանդի Գալստյանի վերաբերյալ 6 քաղաքացիական և 4 քրեական վարույթ կա։ Բոլոր քրեական վարույթները նույնանման բովանդակություն ունեն։ 

Վերջին քրեական վարույթը դատարանը ստացել է 2024թ.-ի մայիսի 10-ին։

Մեղադրանք է առաջադրվել խաբեության և վստահությունը չարաշահելու միջոցով ուրիշի գույքի մանր չափերի հափշտակություններ կատարելու համար: Ըստ մեղադրական եզրակացության՝ Մոնիկա Գալստյանը դիտավորությամբ մոլորության մեջ է գցել անձանց՝ հաղորդելով կեղծ տվյալներ, ինչպես նաև՝ օգտագործել է առևտրային կազմակերպության կողմից տրվող կեղծ վճարային անդորրագրեր:

Դատարանը վճռել է Մոնիկա Երվանդի Գալստյանին մեղավոր ճանաչել երկու արարքում և պատիժ նշանակել տուգանք՝ 600 000 ՀՀ դրամի չափով, 2-րդ արարքով՝ 525 000 ՀՀ դրամի չափով։ Նշանակված պատիժը լրիվ գումարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024 թվականի ապրիլի 17-ի դատավճռով Մոնիկա Գալստյանի նկատմամբ նշանակված 1 875 000 ՀՀ դրամ պատժին և վերջնական պատիժ նշանակել տուգանք՝ 2 850 000 ՀՀ դրամի չափով:

Մյուս քրեական վարույթով Մոնիկա Գալստյանին մեղադրանք է առաջադրվել իրավասու մարմնին հանցագործության դեպքի և անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություններ հայտնելու համար: Մասնավորապես, դատական գործում նշվում է, որ նա 2022 թվականի հունիսի 18-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում սուտ հաղորդում է տվել: Մեղսագրվող արարքների վաղեմության ժամկետները լրացած լինելու հիմքով այս քրեական վարույթը կարճվել է:

Այժմ Մոնիկա Գալստյանը աշխատում է որպես վարորդ և զբոսաշրջային ծառայություններ մատուցող։ Դատական գործերից 2-ի դեպքում Մոնիկա Գալստյանի վերաբերյալ որպես խափանման միջոց ընտրվել էր երկրից բացակայելու արգելքը, դատական վճռից հետո սահմանափակումը վերացել է։ Ըստ սոցցանցերի լուսանկարների՝ նա հաճախ խմբային տուրեր է կազմակերպում դեպի Վրաստան։

«Հետքը» Քննչական կոմիտեին գրավոր հարցրել է՝ արդյոք նախաքննական մարմնում Մոնիկա Գալստյանի վերաբերյալ վարույթներ կան։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Մոնիկա Երվանդի Գալստյանի կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու առերևույթ հանցանքի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն: 

«Քրեական վարույթով մեկ անձ ճանաչվել է տուժող, կատարվել են մի շարք վարութային և ապացուցողական գործողություններ, նախաքննության ներկա փուլում որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվում, նախաքննությունը շարունակվում է: Բացի այդ, Մոնիկա Գալստյանի կողմից կատարված ենթադրյալ հանցանքների վերաբերյալ Քննչական կոմիտեում քննված չորս քրեական վարույթ մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-ասվում է Քննչական կոմիտեի պատասխան գրության մեջ:

Մոնիկա Գալստյանի դեմ հարուցված բազմաթիվ քրեական վարույթներն ու նույնաբովանդակ մեղադրանքները փաստում են, որ խարդախության սխեման գործում է առ այսօր: Չնայած դատարանի վճիռներին՝ տուժողները շարունակում են մնալ առանց փոխհատուցման, իսկ Մոնիկա Գալստյանը փնտրում է նոր զոհեր:  

Լուսանկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment