Հայաստանում գիտության ոլորտը վերջին տարիներին գտնվում է ակտիվ փոփոխությունների փուլում։ Պետական ֆինանսավորումը զգալիորեն աճել է, ինչը հնարավորություն է տվել բարձրացնել գիտաշխատողների աշխատավարձերը և ներգրավել նոր կադրեր՝ հատկապես երիտասարդներին։ Միաժամանակ աճել է միջազգային գիտական հրապարակումների թիվը, ինչն ապացուցում է, որ հայկական գիտությունն աստիճանաբար դառնում է ավելի տեսանելի և մրցունակ միջազգային հարթակում։

Միջազգային համագործակցությունն այս գործընթացում առանցքային դեր ունի։ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է եվրոպական գիտական ծրագրերին, ինչպիսիք են «Horizon Europe»-ը, և համագործակցում է տասնյակ երկրների գիտնականների հետ։ Սա ոչ միայն ֆինանսական աջակցություն է ապահովում, այլ նաև նպաստում է գիտելիքի փոխանակմանը և նոր տեխնոլոգիաների ներմուծմանը։ Պետք է նշել նաև մասնակցությունը հատկապես «Erasmus+» ծրագրին, որը կարևոր հարթակ է ուսանողների, հետազոտողների և դասախոսների համար։ «Erasmus+»-ը հնարավորություն է տալիս սովորել, վերապատրաստվել և մասնակցել գիտահետազոտական ծրագրերի արտերկրում՝ նպաստելով գիտելիքի և փորձի փոխանակմանը։ Այս ծրագրի միջոցով հայ երիտասարդները ստանում են միջազգային փորձ, ինչը հետագայում նպաստում է նաև հայկական գիտության զարգացմանը։
Գիտության միջազգային ինտեգրման և համագործակցության կարևոր դերակատար է նաև Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն (ԳՆԳԱԿ)-ը։ Կենտրոնը աջակցում է հայ գիտնականներին՝ մասնակցելու եվրոպական և այլ միջազգային դրամաշնորհային ծրագրերին, տրամադրում է խորհրդատվություն, տեղեկատվություն և կապեր։ Այն հանդիսանում է մի տեսակ «կամուրջ» Հայաստանի գիտական համայնքի և միջազգային գիտական համակարգի միջև։

Երիտասարդների համար հնարավորությունները վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել են։ Բացի պետական ծրագրերից, միջազգային հարթակները, ինչպիսիք են «Erasmus+»-ը և տարբեր դրամաշնորհային ծրագրերը, բացում են նոր ուղիներ կրթության և գիտության մեջ առաջընթացի համար։ Զարգանում են նաև նոր ուղղություններ՝ արհեստական բանականություն, ինժեներություն, կենսատեխնոլոգիա, որոնք հատկապես գրավիչ են երիտասարդների համար։
Գիտության հանրայնացումը ևս դարձել է առաջնահերթություն։ Կազմակերպվում են գիտական փառատոներ, հանրամատչելի դասախոսություններ և կրթական ծրագրեր, որոնք նպաստում են գիտության նկատմամբ հետաքրքրության աճին։ Այս գործընթացում կարևոր է նաև գիտնականների ակտիվ մասնակցությունը հանրային քննարկումներին։
Ինչ վերաբերում է գիտնականների կարծիքին, ապա այն բավականին բազմաշերտ է։ Գիտնականները շեշտում են, որ անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել ֆինանսավորումը, այլ նաև համակարգային բարեփոխումներ և երկարաժամկետ ռազմավարություն մշակել։


«Դպրության» տաղավարում են (SIPAC) Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի տնօրեն Տիգրան Արզումանյանն ու Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոն»-ի տնօրեն Ալեն Ամիրխանյանը։