Որպես ՀՀ վարչապետ՝ ընդհանրապես հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա կարծիքով, պետք է արդար իրականության հետևից գնալ, ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից։
«Ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների։
Պարտքս եմ համարում սրա մասին տեղեկացնել մեր ժողովրդին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հորդորեց դուրս գալ գաղթականի և պանդուխտի տրամաբանությունից։
«Որովհետև մեն տուն ենք հասել, և Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է։ Մենք պետք է մեր տանը տեր կանգնենք, ոչ թե անընդհատ ՀՀ-ն համարենք ժամանակավոր կացարան՝ աշխարհի տարբեր տեղեր վերադառնալու համար»,-ասաց Փաշինյանը։
Հարցին՝ արդյոք Ադրբեջանն էթնիկ զտում իրականացրել է Արցախի բնակչության նկատմամբ, Փաշինյանը պատասխանեց.
«Ես այդ խոսույթը վնասակար եմ համարում։ Կարող ենք ասել էթնիկ զտում, հայելային ստանանք՝ էթնիկ զտում խոսույթը, հետո՝ ցեղասպանություն։ Դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։ Իմ հոգսը դա չէ. իմ հոգսն այն է, թե ինչ անենք, որ Ղարաբաղից տեղահանված մեր ժողովուրդը խաղաղվի, տուն, աշխատանք, անվտանգություն, ազատություն ունենա»։