Մայիսի 28-ին՝ Հայաստանի Հանրապետության օրը, Հանրապետության հրապարակում տեղի կունենա միջոցառում, որը ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն կլինի ՀՀ քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Մայիսի 28-ին՝ Հայաստանի Հանրապետության օրը, Հանրապետության հրապարակում տեղի կունենա միջոցառում, որը ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն կլինի ՀՀ քաղաքացիներին։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ զորահանդեսն ինքնին «նուրբ երևույթ է», որը կարող է սխալ տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու վերաբերյալ։
«Մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության, մեր գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում»,- ասաց Փաշինյանը։
Նա հայտնեց, որ նախապես քննարկվում էր քաղաքացիների խմբերին առանձին հրավիրելու և ցուցադրություն կազմակերպելու տարբերակը, սակայն հերթագրվածների թիվն այնքան մեծ է եղել, որ այդ մոտեցումը դարձել է ոչ իրատեսական։
Բացի այդ, ըստ վարչապետի, մասնակի ցուցադրությունները կարող էին հանգեցնել ոչ ամբողջական կամ աղավաղված տեղեկատվության տարածմանը։