Փաշինյան․ Որպես վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից

Փաշինյան․ Որպես վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից

26 մարտի 2026 – 13:48 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի և Ղարաբաղի նախկին իշխանությունները Ղարաբաղի ժողովրդին պահել են պատանդի կարգավիճակում՝ անհասկանալի նպատակներով, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հայտարարել է, որ որպես ՀՀ վարչապետ ամբողջությամբ հրաժարվում է պատմական արդարության վերականգնման օրակարգից։

«Ընդհանրապես հրաժարվում եմ, այսպես կոչված, պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ և ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա կոչ է արել դուրս գալ «գաղթականի ու պանդուխտի տրամաբանությունից»:

«Խնդրանքով դիմում եմ, եկեք դուրս գանք գաղթականի ու պանդուխտի տրամաբանությունից, որովհետև մեն տուն ենք հասել և ՀՀ-ն մեր տունն է։ Մենք պետք է մեր տանը տեր կանգնենք, ոչ թե անընդհատ ՀՀ-ն համարենք ժամանակավոր կացարան՝ աշխարհի տարբեր տեղեր վերադառնալու համար»,-ասել է Փաշինյանը։

Հարցին, թե արդյոք Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանը իրականացրել է էթնիկ զտում, Փաշինյանը պատասխանել է. «Ես այդ խոսույթը վնասակար եմ համարում։ Կարող ենք ասել էթնիկ զտում, հայելային ստանանք՝ էթնիկ զտում խոսույթը, հետո՝ ցեղասպանություն։ Դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։ Իմ հոգսը դա չէ, իմ հոգսն այն է, թե ինչ անենք, որ Ղարաբաղից տեղահանված մեր ժողովուրդը խաղաղվի, տուն, աշխատանք, անվտանգություն, ազատություն ունենա»։

Մարտի 22-ի առավոտյան մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է ՀՀ քարտեզի տեսքով կրծքանշան նվիրել մանկահասակ որդու հետ երթևեկով կնոջը, սակայն կինը հրաժարվել է՝ ասելով․ «Մենք ուրիշ քարտեզ ունենք»: Փաշինյանը խոսակցության ընթացքում ասել է․ «Որևէ մեկդ այս քարտեզի մասին քամահրանքով չխոսեք, մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։

Ավելի ուշ Փաշինյանը կառավարություն է հրավիրել Արմինե Մոսիյանին՝ ուղիղ եթերում ներողություն խնդրելու: Մոսիյանը 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դուստրն է:

Leave a Comment