«Կանազում» հրդեհի դեպքով քրգործ է հարուցվել, շենքի վերակառուցման նախագիծ է մշակվում

«Կանազում» հրդեհի դեպքով քրգործ է հարուցվել, շենքի վերակառուցման նախագիծ է մշակվում

26 մարտի 2026 – 12:58 AMT

PanARMENIAN.Net – Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շենքում բռնկված հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին ասել են Քննչական կոմիտեից, հայտնում է Արմենպրեսը:

Կանազի շենքի ճակատագրի վերաբերյալ քննարկումներ անցկացվել են ինչպես քաղաքապետի, այնպես էլ փոխքաղաքապետի գլխավորությամբ, ներկայում մշակվում է շենքի վերակառուցման նախագիծը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը, գրում է Panorama.am-ը:

«Համենայն դեպս շենքը քանդելու ոչ մի ծրագիր քաղաքապետարանը չունի, ունի վերակառուցելու ու ժողովրդին ծառայեցնելու մտադրություն»,-ասել է վարչական շրջանի ղեկավարը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, որ մտադրություն կա շենքը վերածել հյուրանոցի կամ տեղում բազմաբնակարան համալիր կառուցել։

«Ես բացառում եմ նմանատիպ որևէ քննարկում»,-նշել է Վարոսյանը;

Նրա խոսքով՝ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ վերջերս զրուցել է, և նրանք նշել են, որ հնարավոր է պահպանել շենքի ճարտարապետական տեսքը, իսկ վերակառուցումն իրականացվելու է այդ տեսքի պահպանմամբ։

Մարտի 25-ին ժամը 19։12-ին ՆԳՆ ՓԾ-ն ահազանգ է ստացել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։ Հրդեհը մարվել է ավելի քան չորս ու կես ժամ անց՝ ժամը 23։44-ին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի շենքի առաջին հարկ և հարակից բնակելի կառույցներ։

Leave a Comment