Երեխաների աջակցության և տարեցների խնամքի մի շարք կենտրոններ կմիավորվեն

Կառավարությունը մարտի 26-ի նիստում հավանություն է տվել երեխաների և տարեցների խնամքի ծառայություններ իրականացնող մի շարք պետական կազմակերպություններ միավորելու նախագծերին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է միավորել «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ները։

Նախարարությունը մեկ այլ նախագծով նախատեսում է միավորել «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» և «Երևանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ները։ Ըստ հիմնավորման՝ միավորման դեպքում կստեղծվի մեկ միասնական կառավարման համակարգ՝ առանց ծառայությունների ծավալի փոփոխության։ Նպատակը երեխաների խնամքի և աջակցության ծառայությունների կազմակերպումը կենտրոնացնելու և վարչական ծախսերը նվազեցնելն է։

Երրորդ նախագծով կառավարությունը նախատեսում է միավորել «Հաղթանակ» և «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոնները՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունները կենտրոնացնելու և վարչական ծախսերը նվազեցնելու նպատակով։

Նախագծով առաջարկվում է «Հաղթանակ» կենտրոնը միացնել «Նորք» կենտրոնին, վերջինս վերանվանել «Երևանի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոն» և ստեղծել Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղ։ Նշվում է, որ միավորման արդյունքում կկիրառվի կենտրոնացված կառավարման մոդել, իսկ ծառայությունների ծավալը չի փոխվի․ նախատեսվում է տարեկան մոտ 32,9 մլն դրամ տնտեսում։

Leave a Comment