Կառավարությունը Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Հակոբյանի թեկնածությունը

Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի առաջին կազմի երեք տարի պաշտոնավարման ժամկետով անդամի պաշտոնում Հայաստանի Հանրապետության Կառավարությունն առաջադրել է Սրբուհի Հակոբյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է Ազգային ժողովի` մարտի 26-ի հերթական նիստում:

Թեկնածուի կենսագրությունն ու մասնագիտական գործունեությունը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Թեկնածու Սրբուհի Հակոբյանը ներկայացրել է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի գործունեության իր տեսլականը, մանրամասնել այս ոլորտում իրականացվելիք առանցքային քայլերը:

Ըստ թեկնածուի` տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմինը պետք է ապահովի անհրաժեշտ ճկուն եւ բարենպաստ կանոնակարգերի ընդունումը, աշխատի այն ուղղությամբ, որ հանրության յուրաքանչյուր անդամ նախընտրի օգտվել պետության մատուցող թվային ծառայություններից: Սրբուհի Հակոբյանի համոզմամբ այդ ծառայությունները պետք է լինեն հարմարավետ, ժամանակը խնայող թե՛ քաղաքացիների, թե՛ պետական մարմինների:

Թեկնածուն հավելել է, որ նորաստեղծ մարմինը հանրության համար բարենպաստ պայմաններ պետք է ստեղծի՝ ձեռք բերելու այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ են թվային դարաշրջանում քաղաքացի եւ թվային ոլորտի աշխատող լինելու համար:

Նա խոսել է թվայնացման ոլորտում հեղափոխական փոփոխություններ չիրականացնելու պատճառների մասին, կարեւորել տվյալահեն եւ մարդակենտրոն ծառայությունները, արդյունավետ թվային ճարտարապետության կառուցումը, վերջին շրջանում բարենպաստ օրենսդրական միջավայրի ապահովումը: Անդրադարձ է եղել միասնական թվային ճարտարապետության ձեւավորմանն ուղղված աշխատանքներին, թվայնացման համատեքստում կրթության ռազմավարական նշանակությանը:

Leave a Comment