Մարտի 25-ին Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել հյուրանոցի աշխատակցից խաբեության միջոցով գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Գործը հարուցվելէ դատավոր Սասուն Մխիթարյանին։ Iravaban.net-ը տեղեկացնում Datalex դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Յ․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վստահություն չարաշահելու եղանակով կատարել է հափշտակություն, այն է` 2024 թվականի ապրիլի 08-ին հյուրընկալվելով «Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գտնվող «Ամրոց» հյուրանոցում` մտերմացել է հյուրանոցի աշխատակից Ռ. Խ. հետ։ Հիշյալ հյուրանոցում 3 (երեք) օր մնալուց հետո Ռ. Խ. հրավիրել է իր հյուրանոցային համար և հայտնել, որ հյուրանոցի ծախսերը հոգալու համար ցանկանում է գումար փոխանցել իր «Ակբա Դիջիթըլ» հավելվածին և խնդրել է Ռ. Խ. հեռախոսը՝ նշված գործողությունները կատարելու նպատակով։
Ռ. Խ. վստահելով Յ․Ս․-ին, տվել է իր բջջային հեռախոսը, ով իբրև զանգահարել է ընկերոջը և խնդրել գումար փոխանցել իր բանկային հավելվածին: Որոշ ժամանակ անց Ռ. Խ. նկատել է, որ իր «Ակբա Դիջիթըլ» հավելվածի հաշիվը համալրվել է 94.000 ՀՀ դրամ գումարով, ինչից հետո միասին մոտեցել են Նոյեմբերյան քաղաքում գտնվող «Ակբա» բանկի բանկոմատ, Ռ. Խ. կանխիկացրել է հավելվածում եղած ամբողջ գումարը և հանձնել Յ․Ս․-ին:
Այնուհետև, երբ ցանակացել են վերադառնալ հյուրանոց՝ ճանապարհին, Ռ. Խ. «Ակբա Դիջիթըլ» հավելվածի հաշիվը համալրվել է ևս 150.000 ՀՀ դրամ գումարով, ինչը կրկին վերջինս կանխիկացրել և հանձնել է Յ․Ս․-ին:
Այնուհետև այդ գումարից Յ․Ս․-ը վճարումներ է կատարել հյուրանոցում և հեռացել՝ այդ կերպ Ռ. Խ. խաբեությամբ հափշտակելով 250.000 ՀՀ դրամ գումար։
Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Յ․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 255-րդ հոդվածի 1-ին մասի, որը նախատեսում է խարդախություն՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով կատարված հափշտակություն։
Նախատեսված պատիժը՝
- պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ
- հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ
- ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ
- կարճաժամկետ ազատազրկում՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ
- ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: