26 մարտի 2026 – 10:32 AMT
PanARMENIAN.Net – Երևանի Ազատության պողոտայում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան շինությունում մարտի 25-ին բռնկված հրդեհը մարվել է: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի շինության առաջին հարկ և հարակից բնակելի շենքեր։
Հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարակից բնակելի շենքերի վտանգավոր տեղամասերից բնակիչների տարհանում դեպի անվտանգ տարածք։
Մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։
Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ջրատար, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Տեղում աշխատանքներին ներգրավվել են Ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր, Հայաստանի էլեկտրական ցանցի և գազի վթարային ծառայության աշխատակիցներ, շտապօգնության բրիգադներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար։