ԱՄՆ-ն խաղաղության համաձայնագրով խոստացված Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պայմանավորում է Ռուսաստանին հսկայական տարածքների զիջմամբ. Վաշինգտոնը պահանջում է Դոնբասը հանձնել Ռուսաստանին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի՝ մարտի 25-ին, Reuters-ին տված հարցազրույցում: «Ամերիկացիները պատրաստ են բարձր մակարդակով տրամադրել այդ երաշխիքները, հենց որ Ուկրաինան պատրաստ լինի դուրս բերել իր զորքերը Դոնբասից», — ընդգծել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է պատերազմի արագ ավարտի վրա, ինչը կապված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, հայտարարել է Զելենսկին: «Մերձավոր Արևելքը անկասկած ազդում է նախագահ Թրամփի վրա և, կարծում եմ, նրա հետագա քայլերի վրա», — նշել է նա: Թրամփը շարունակում է ընտրել Կիևի վրա ճնշումը մեծացնելու ռազմավարությունը, նշել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին զգուշացրել է, որ Ուկրաինայի զինված ուժերի լիակատար դուրսբերումը Դոնբասից կսպառնա Կիևի և, հետևաբար, Եվրոպայի անվտանգությանը: Տարածաշրջանն ունի ուժեղ պաշտպանական դիրքեր, որոնք նման պարագայում կհայտնվեն Մոսկվայի վերահսկողության տակ, պարզաբանել է նա:
Հունվարին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը 100 տոկոսով պատրաստ է և սպասում է ստորագրմանը: Սակայն, մարտի 24-ին Մայամիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններից հետո Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է, որ համաձայնագրի վրա դեռ պետք է աշխատեն, հաղորդում է Reuters-ը։
Ավելի վաղ՝ փետրվարի 7-ին, Զելենսկին հայտարարել էր, որ Վաշինգտոնի պնդմամբ՝ մինչև հունիս պատերազմը պետք է ավարտվի Ուկրաինայում : «Ամերիկացիները առաջարկում են, որ կողմերը պատերազմը դադարեցնեն այս ամռան սկզբին, և նրանք, հավանաբար, ճնշում կգործադրեն՝ պահպանելու համար այս ժամանակացույցը: Ինչո՞ւ այս ամռանը: Մենք հասկանում ենք, որ Ամերիկայում ներքին խնդիրները ազդում են նրանց վրա և, հավանաբար, նրանց համար դրանք ավելի հրատապ կդառնան», — Ուկրաինայի նախագահի խոսքերն է մեջբերել «Ուկրինֆորմ»-ը: «Նրանք, հավանաբար, պարզապես կունենան մեկ այլ առաջնահերթություն՝ Կոնգրեսը: Եվ մենք հասկանում ենք, որ նրանք իրենց ամբողջ ժամանակը կնվիրեն ներքին գործընթացներին»:
ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավը, ինչպես սպասվում է, կսկսվի ամռան սկզբին: