Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Reuters գործակալությանը տված մեծ հարցազրույցում հայտարարել է՝ Թրամփի վարչակազմը Ուկրաինայից պահանջում է դուրս բերել զորքերը Դոնբասի մնացած մասից, որից հետո ԱՄՆ-ն կտա անվտանգության որոշակի երաշխիքներ։
Զելենսկին սակայն համարում է, որ Դոնբասից դուրս գալը սխալ և վտանգավոր քայլ է՝ վտանգավոր այդ թվում քաղաքական առումով և Թրամփի համար։
«Ամերիկացիները պատրաստ են այդ անվտանգության երաշխիքները ձևակերպել բարձր մակարդակով, երբ Ուկրաինան պատրաստ լինի դուրս գալ Դոնբասից։ Իմ կարծիքով՝ ռուսական կողմը իր երկխոսության մեջ ամերիկացիների հետ հենց այս գաղափարի շուրջ է ձևավորում մթնոլորտը. որ Ուկրաինան պետք է դուրս գա Դոնբասից, ապա Միացյալ Նահանգները կտան Ուկրաինային այն անվտանգության երաշխիքները, որոնք նա ուզում է, և ռուսները անպայման կավարտեն պատերազմը։ Մոտավորապես այսպիսի եռանկյունում ենք հայտնվել»,- ասել է նա։
Ըստ Զելենսկու. «Դուք հասկանում եք, որ Դոնբասից դուրս գալը սխալ է, անբարոյական է և այլն, բայց Դոնբասից դուրս գալը նշանակում է նաև Ուկրաինայի պաշտպանական գծերի թուլացում»։
Նա պնդել է նաև. «Հետևաբար ես կարծում եմ, որ երկրի արևելյան մասից դուրս գալը մեծ ռիսկ է Ուկրաինայի համար, Եվրոպայի համար և, ի վերջո, խախտված խաղաղությունը մեծ ռիսկ է նաև Թրամփի և նրա թիմի համար։ Ուստի մեզ պետք է խոսել… Եթե երեք կողմերն էլ ուզում են խաղաղություն, ապա նրանք պետք է գոնե մեկ հանդիպում անցկացնեն ղեկավարների մակարդակով՝ քննարկելու տարածքների և անվտանգության երաշխիքների հարցերը։ Սրանք երկու հիմնական հարցեր են՝ տարածքներ և անվտանգության երաշխիքներ։ Միջնորդն այստեղ Միացյալ Նահանգներն են։ Ես կարծում եմ, որ բոլոր անհրաժեշտ հնարավորությունները նրանց ձեռքում են»։
