Կանխվել է կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են. ՆԳ նախարարի խոսնակ

ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մանրամասներ է հայտնել իրականացվող հրդեհաշիջման աշխատանքների վերաբերյալ


ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ազատության պողոտայում խոշոր հրդեհի դեպքի վայրում լրագրողների հետ ճեպազրույցում ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մանրամասներ է հայտնել իրականացվող հրդեհաշիջման աշխատանքների վերաբերյալ։


«19։12-ին է եղել հրդեհի վերաբերյալ ահազանգը Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն, և անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Այս պահին հրդեհաշիջում է իրականացնում փրկարար ծառայության 13 մարտական հաշվարկ»,- նշել է Սարգսյանը, հաղորդում է «Առաջին լրատվականը»։


ՆԳՆ խոսնակը պարզաբանեց, որ հրդեհի բարդությունից ելնելով՝ նախ հայտարարվել է թիվ 3 կանչ, որից հետո մարտական հաշվարկների թիվն ավելացվել է։


Անդրադառնալով վտանգներին՝ նա ընդգծեց փրկարարների օպերատիվ աշխատանքը. «Փրկարարները շատ կարևոր աշխատանք են կատարել։ Ինչպես տեսնում եք՝ երկու հատվածներում բնակելի շենքեր են շատ մոտ, և կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր»: 


Նա նաև հաստատել է, որ մոտակա շենքերի հատվածներից բնակիչները տարհանվել են։ 


Ըստ նրա՝ հրդեհաշիջման աշխատանքները դեռ երկար կտևեն: 


«Կարծում ենք՝ դեռ երկար կտևի, քանի որ բարդություն է առաջացել նաև նրանից, որ շենքն ունի բաղդատային հատված, որն ավելի հեշտ է այրվում։ Այդ հատվածում նաև քանդման աշխատանքներ են իրականացվում»,- պարզաբանել է նա։


Հրդեհի բռնկման պատճառների մասին խոսելը, ըստ Սարգսյանի, դեռ շատ վաղ է։ Ինչ վերաբերում է հնարավոր տուժածներին, ՆԳՆ խոսնակը նշել է, որ այս պահին այդ հարցին պատասխանել չի կարող։ Դեպքի հանգամանքները կպարզվեն համապատասխան ուսումնասիրություններից հետո: 


Հիշեցնենք, որ  հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։ 


Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին։

Leave a Comment