«Կանազ» մշակույթի տան խոշոր հրդեհի դեպքի վայրում լրագրողների հետ ճեպազրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մանրամասներ է հայտնել հրդեհաշիջման աշխատանքների վերաբերյալ։
«19։12-ին եղել է ահազանգ հրդեհի վերաբերյալ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն, և անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ․ այս պահին հրդեհաշիջում է իրականացնում փրկարար ծառայության 13 մարտական հաշվարկ»,- ասել է նա։
ՆԳՆ մամուլի խոսնակը նաև նշել է, որ փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր․ մոտակա շենքերի հատվածներից բնակիչները տարհանվել են։
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան, հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին։