«Շանտաժ է», «սպառնալիք է», «հավատում եմ», «վարչապետից ամեն ինչ սպասելի է»․ հարցում՝ պատերազմի մասին Փաշինյանի հայտարարությանը

ԱԺ ընտրություններից երկուսուկես ամիս առաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում նոր լարվածություն է նկատվում, և պատճառը վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար կրկնվող հայտարարությունն է։ Փաշինյանը տարբեր հանդիպումների ժամանակ սկսել է հայտարարել, որ եթե ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա Հայաստանում պատերազմ է սկսվելու։

Նա անգամ հստակեցրել է պատերազմի հավանական ժամանակը՝ սեպտեմբեր, և այն անվանել «աղետաբեր»։ 

Վարչապետի այս հայտարարությունը քննարկման առարկա է դարձել թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր դաշտում։ Ընդդիմադիրները հիշեցրել են, որ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության տարիներին է Հայաստանը բախվել պատերազմի, և Արցախը հայաթափվել է։

Հայտարարությունը մեկնաբանել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա կարծում է, որ սեպտեմբեր ասելով վարչապետը նկատի ունի ԱԺ ընտրություններից կարճ ժամանակահատված անց ինչ-որ ժամանակ․ Միրզոյանը ևս չի բացառել պատերազմի հավանականությունը։

Armenia today-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե ինչ են մտածում այս մասին քաղաքացիները:

Կարծիքները հակասական են։ Ոմանք հավատում են վարչապետի հայտարարությանը և դրա պատճառը տեսնում են ներքին քաղաքական դաշտում։

«Կարծում եմ՝ վարչապետը ճիշտ է ասում։ Ընդդիմության վարած քաղաքականությունը տանելու է դեպի պատերազմ», – ասել մի քաղաքացիներից մեկը։

Մյուսներն այս հայտարարությունը գնահատել են որպես վարչապետի կողմից սեփական ժողովրդին ուղղված սպառնալիք կամ «շանտաժ» են համարել։

«Դա սպաառնալիք է, կարծես, և պատճառն այն է, որ գործող իշխանությունն այդ կերպ ցանկանում է քվե հավաքել և մնալ իշխանության», – նշել է մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից ոմանք կարծում են, որ ժողովուրդն արդեն հոգնել է պատերազմներից, և հույս հայտնել, որ պատերազմ չի լինի։

«Խաղաղություն ենք ուզում և դրան ենք գնում, հերիք է, որքան պատերազմ եղավ», – շեշտել է հարցման մասնակիցներից մեկը:

Որոշ քաղաքացիներ էլ այս հայտարարության տակ այլ ենթատեքստ են նկատել։

«Սա նշանակում է, որ նա պատրաստվում է պատերազմական դրություն հայտարարել և դրանով չեղարկել ընտրությունները, ինչպես որ Զելենսկին արեց 2022թ․», –  ասել է մի այլ քաղաքացի։

Հարցվածների մի մասն էլ ասել է, որ վարչապետից առհասարակ ամեն ինչ սպասելի է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment