Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան»․ «Կարճ ասած»

 

Վերջերս Վարդենիս էր այցելել Նիկոլ Փաշինյանի ավտբուսը, ու ինչ-որ խոստումներ էր տալիս, խաղաղությունից խոսում։ Վարդենիսն այն քաղաքն է, որը Նիկոլի իշխանությունից շատ է տուժել․ պատերազմից հետո հանքի կեսը զավթեցին ադրբեջանցիները, մյուս կեսը չի գործում, թշնամին առաջ է եկել, վախենում են հող մշակել, վախենում են տանել արոտ անասուններին, քաղաքից տեղափոխել են մի շարք պետական հիմնարկներ, և փաստաթուղթ վերցնելու, անձնագրի համար ստիպված են հասնել Մարտունի, մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը Վարդենիսի վրա շատ վատ ազդեցություն է ունեցել․ իհարկե, էնպես չէ, թե մյուս համայնքների վրա լավ է ազդել։

Եվ ուրեմն, Վարդենիսում հանդիպում է մի քանի քաղաքացու, որոնցից մեկը բողոքում է կաթի մթերման էժան գնից։ Ի՞նչ է խոստանում Նիկոլը․ դե մի ծրագիր կմշակենք, մի երկու տարի կսուբսիդավորենք։ Թվում է՝ գյուղացուն համոզեց։ Բայց ամենաճիշտ բառն է՝ խաբեց։

Թեև Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ խոստումներ է տվել գյուղացիներին և չի կատարել՝ սկսած ոռոգման ջուրը հոսանքի նման հասանելի դարձնելուց, մինչև անմշակ հողի չթողնում, մինչև անգամ այն, որ գյուղում չնորոգված բաղնիք ու զուգարան չի լինելու, այնուամենայնիվ այս բոլոր չկատարած խոստումներից ընդամենը մեկի օրինակով ցույց տանք, թե ինչու գյուղաբնակ մեր քաղաքացին չի կարող նրան նորից վստահել։

Այսպես․ ֆերմերները մշտապես բողոքում են կաթի մթերման գնից։ Տարիներ շարունակ 120-150 դրամ է մթերվում գյուղացի արտադրողից, այնինչ խանութում մեկ լիտր կաթն արժե 500-700 դրամ։ Ի՞նչ էր ասում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կաթի գնի մասին հեղափոխություն կոչվածից ընդամենը 3 ամիս առաջ, այն հայտնի ելույթում, թե՝ գառան միսը թանկ է՝ կանաչ սոխ կերեք, խոզի միսը թանկացել է սխտոր կերեք։ Այս ելույթը բոլորդ հա՛մ հիշում եք, հա՛մ էլ շատերը հենց էդպես էլ անում են ու վաղուց մոռացել են ինչ է տավարի միսը, գառան միը, քանի որ մի երկրում, որտեղ բնակչության կեսը աղքատ է իրականում, միս ուտելը դառնում է շքեղություն։ Եվ ուրեմն, այդ ելույթում ասում էր՝ կարագը թանկացել է, բա ինչի՞ գյուղացիներից մթերվող կաթի գինը չի թանկանում, մանավանդ որ գիտությունն ապացուցել է, որ կարագը կաթից են պատրաստում։

Նիկոլի օրոք կարագը թանկացել է շուրջ երեք անգամ, 3 անգամ, բայց գյուղացուց մթերվող կաթի մնացել է նույնը։ Ու էլի, ի գիտություն Նիկոլի, կարագը շարունակում են պատրաստել կաթից։ 3 անգամ Նիկոլի օրոք թանկացել է կարագը, մթերվող կաթի գինը մնացել է 120-150 դրամ։

Դե լավ, 2018 թվականի հունվարին նա դեռ ընդդիմադիր պատգամավոր էր և ազդեցություն չէր կարող ունենալ կաթի գնի վրա, չէր կարող բարձրացնել մթերման գինը։ Իսկ ի՞նչ էր արդեն խոստանում Նիկոլ Փաշինյանը կաթի գնի մասին հեղափոխություն կոչվածից ընդամենը 8 օր առաջ։ Շեշտում եմ՝ արդեն խոստանում էր, ոչ թե պարզապես քննադատում։ Ասում էր՝ «Էս քայլարշավի ընթացքում մարդիկ մեզ համատարած ասում էին հետևյալը․ որ մենք վարկեր ենք վերցնում, որ խոշոր եղջերավոր անասուն պահենք և պետք է կաթի մթերումներով մեր վարկերը փակենք․ երբ գալիս է սեզոնը, որ կաթը պետք է թանկանա, ինչ-որ մեկը, ընդ որում՝ էդ բոլոր ինչ-որ մեկերին ժողովուրդը պայմանական Սաշիկ է ասում, վարկը վերցնում են, գալիս է էդ փուլը, որ կաթը պետք է հանձնելով էդ վարկը փակեն, մեկ էլ կաթի գները կտրուկ ընկնում են։ Մարդիկ ասում են՝ էս ի՞նչ ա եղել, հետաքրքրվում են, ասում են, որ ինչ-որ մեկը՝ Սաշիկը, կաթի փոշու խոշոր խմբաքանակ է ներկրել»։

Ասում էր՝ որ պետությունը լծակներ կօգտագործի այդ պայմանական Սաշիկների դեմ, և կաթի գինը կաճի։ Այս ելույթից 23 օր հետո Նիկոլն արդեն վարչապետ էր ու մինչև հիմա։ Արդյունքում գյուղացուց մթերվող կաթի գինը մնաց անփոփոխ, իսկ խանութներում, այ քեզ զարմանք  թանկացավ։ Թե ովքեր են այսօրվա պայմանական սաշիկները, այ էդ գյուղացիները պետք է հարցնեն Նիկոլին, ինքը հաստատ կիմանա։

Նիկոլը վարչապետ է արդեն 8 տարի։ Այդ խոստումներից հետո 3 անգամ վարչապետ է դարձել, 2 անգամ 2018 թվականին, 1 անգամ՝ 2021 թվականին և հիմա վարչապետի աթոռին դարձյալ հավակնողը գնում է գյուղացիների հետ հանդիպման, ու նրանք բողոքում են դարձյալ կաթի գնից, ու հիմա էլ խոստանում է մի քիչ սուբսիդավորել։

8 տարի այդ մարդը մատը մատին չի տվել գյուղացուց մթերվող կաթի գինը բարձրացնելու համար։ Ամեն ինչ այդ ընթացքում թանկացել է, անասուն պահելը դժվարացել է, անասնագլխաքանակը պակասել է, թանկացել է կաթի ինքնարժեքը, ՔՊ-ականների հարազատներ կան, որ դարձել են խոշոր ֆերմերներ, բայց գյուղացուց մթերվող կաթի գինը մնացել է նույնը։ Ու հիմա գնում է մարդկանց հանդիպելու ու ասում՝ մի քիչ կօգնենք, մի երկու տարի, բայց պետք է ֆերմայի ձևը փոխեք, կթելու ձևը փոխեք, խելացի անասնագոմ ունենաս և այլն։ Խելացի կառավարություն, ժողովուրդ ջան, կարևոր չէ, որ ունենաս, իսկ այ խելացի անասնագոմ պարտավոր ես։

Պաշտոնյան, որը  8 տարի առաջ խոստում է տալիս ու նույն խոստումը տալիս է 8 տարի հետո, դրան ո՞նց պետք է վերաբերի քաղաքացին։ Հարգելի կով ունեցող քաղաքացի, քանի քո վարչապետը սա է, կաթնամթերքը էլի անշեղորեն թանկանալու է, իսկ քո արտադրածը գին չի ունենալու։ Պատճառը ոչ մի այլ տեղ մի փնտրի։

Ժողովուրդ ջան, սա մենակ գյուղացու պրոբլեմը չէ, բոլորիս պրոբլեմն է․ որովհետև էդ կաթը արտադրողից մթերում են 120 դրամով, բայց մենք խանութից գնում ենք 500 դրամով։ Նիկոլ Փաշինյանի խոստման չկատարումը բոլորիս վրա է ազդում։ Էն որ ասում են թալան-բան, սա թալան է, կաթի թալան, գյուղացու թալան։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, երբ Նիկոլ Փաշինյանը ձեզանից որևէ մեկի դուռը կգա որևէ խոստումով, կլինի անձամբ ձեր դուռը բախելով, հեռուստացույցով կտեսնեք, ֆեյսբուքով գովազդ կբերի, այդ խոստումը ինչին էլ որ վերաբերի, ցանկացած բանի, իմացեք, որ սուտ է, 5 տարի հետո էլ է նույն խոստումը տալու, 10 տարի հետո էլ, 20 տարի հետո էլ։ Կասեք՝ ո՞ւմ հավատանք։ Նրան, ում ոչ թե խոսքն ու խոստումն եք տեսել, այլ՝ աշ-խա-տան-քը։

 

Սևակ Հակոբյան

Leave a Comment