Երևանը հյուրընկալել է ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային առաջնորդներին, ովքեր մասնակցում են ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (ԾՊՇԿ) «FCTC 2030» ծրագրի տարեկան հանդիպմանը: Այն անցկացվում է Հայաստանում՝ ի ճանաչումն երկրի կողմից ծխախոտի դեմ պայքարի ոլորտում արձանագրած առաջընթացի:
«Ծխախոտի դեմ պայքարի և առհասարակ առողջ կենսակերպի մշակույթի ձևավորման քաղաքականությունը մեր Կառավարության և մասնավորապես Առողջապահության նախարարության համար առաջնահերթություն է: Օրենքի ընդունման ընթացքը բավականին դժվար էր, բայց ես ուրախ եմ, որ քաղաքական կամքն օգնեց մեզ առաջ շարժվելու:
Այսօր նոր տեխնոլոգիաները, ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքների մարքեթինգի նոր ձևերը հատկապես թիրախավորում են երեխաներին ու դեռահասներին, և մեր համատեղ պատասխանատվությունն է գտնել արդյունավետ ուղիներ՝ նրանց, ինչպես նաև ամբողջ բնակչության առողջությունը պահպանելու համար։
Այս համատեքստում ծրագիրը ծառայում է որպես կենսական կարևորության հենարան՝ բնակչությանը ծխախոտի վնասներից պաշտպանելու և դրանով իսկ կայուն զարգացմանը նպաստելու համար», – ողջունելով ներկաներին նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Որպես 2020 թվականից «ԾՊՇԿ 2030» ծրագրի մասնակից՝ Հայաստանը ներկայացնելու է իր ազգային փորձը, ներառյալ օրենսդրական փոփոխությունների համատեքստում առաջընթացը և կիրարկման ջանքերը։ Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման համար խստացվել են ծխից զերծ միջավայրեր ստեղծելու ուղղությամբ միջոցառումները, գովազդի սահմանափակումները, փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջները, ներդրվել են ծխելը դադարեցնելուն աջակցող միջոցառումներ և ծխախոտի հարկման նոր մեխանիզմներ։
«Ծխախոտի դեմ պայքարի հարցում Հայաստանի շարունակական ջանքերը գնահատելի են։ «ԾՊՇԿ 2030» նախաձեռնության միջոցով հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածելով՝ երկիրը հստակ ուղի է հարթում դեպի ավելի առողջ ապագա և պաշտպանում է գալիք սերունդներին»,- ընդգծել է ՀՀ-ում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Սիդարթա Դատտան։
2027 թվականին Հայաստանը նաև հյուրընկալելու է ԱՀԿ-ի Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի և Ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի վերացման մասին արձանագրության կողմերի հանդիպման հաջորդ նիստերը՝ այդպիսով երկիրը դիրքավորելով որպես ծխախոտի դեմ պայքարի խթանման համաշխարհային գործողությունների կենտրոն։
