25 մարտի 2026 – 18:10 AMT
PanARMENIAN.Net – Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործը քննող դատավորը կփոխվի: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում կայացած առաջին նիստում սրբազանի պաշտպանները ներկայացրել են բացարկի միջնորդություն նախագահող դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ, որը դատարանը ընդունել է։
Բացարկի հիմքում եղել են Մանուկյանի կողմից ներկայացված տեղեկությունները, ըստ որոնց՝ նա 2008-ից մինչև 2020 թվականն աշխատել է Արմավիրի մարզի քննչական վարչությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Սույն քրեական վարույթը քննվել է նույն վարչությունում, սակայն որևէ առնչություն չեմ ունեցել վարույթի հետ։ Ինչպես նաև այս գործով իրեղեն ապացույց թմրանյութի չհայտնաբերման առիթով պաշտոնեական անփութության հետ կապված վարույթ է հարուցվել, որը հավանաբար նույն բաժնի քննիչներ են քննում։ 2020-2024 թվականներին զբաղեցրել եմ Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնը և գործի բերումով որոշակի առնչություն եմ ունեցել գործով հանրային մեղադրող Արուսյակ Բոյաջյանի հետ»,- նշել է Մանուկյանը։
Փաստաբան Երեմ Սարգսյանն ասել է, որ Եվրոպական դատարանի մոտեցումը կայանում էնրանում, որ եթե կան օբյեկտիվ փաստեր, որոնք կարող են կասկածի տեղիք տալ, ապա դատարանը չպետք է այդ գործը քննի, հայտնում է Panorama.am-ը:
«Մենք չենք ուզում սկսել մի վարույթ, որը հետո կարող է կասկածի տակ դրվի։ Վերը նշված հանգամանքներից ելնելով, պատվարժան դատարան, բացարկ ենք հայտնում դատավորին»,-ասել էր Սարգսյանը։
Դատավորը նիստում ասել է, որքննվող գործով թմրանյութի չհայտնաբերման փաստի առիթով պաշտոնական անփութության կապակցությամբ վարույթ է հարուցված։
Արշակ սրբազանը ձերբակալվել է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալուց հետո։ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել, իբր թե այդպիսով սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այս գործով Սրբազանին 3 ամիս կալանավորված է եղել։Այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվել է։ 2026 թվականի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով, իսկ մարտի 5-ին սրբազանը ազատ է արձակվել։