Սառը գրասենյակներից մինչև ՄԱԿ-ի մեծ դահլիճներ. դիվանագետ Վահրամ Կաժոյանի հիշողությունները․ «Դիվանագիտական գործ»

Ի սկզբանե բանասիրությունն էր, որ փորձում էր հասկանալ լեզուն, խոսքը և այդ ամենի մեջ մարդու ներկայությունը։ Հետագայում ծնվեց դիվանագիտությունը՝ որպես ժողովուրդների և պետությունների միջև շփման արվեստ, որպես փորձ՝ կարգավորելու այն հարաբերությունները, որոնք մարդիկ ստեղծել էին իրենց սահմաններով ու պետություններով։

Այս երկու ոլորտները, սակայն, խորքում նույն նպատակն ունեն՝ հասկանալ և հասկացվել։

Բանասիրական կրթությամբ դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանն ամենալավը գիտի, որ բանասիրությունը ոչ միայն օգնում է «թարգմանել» միջազգային դիվանագիտության լեզուն, այլև հայերենը հարստացնել նոր դիվանագիտական բառապաշարով։

***

Մութ ու ցուրտ տարիներին ԱԳՆ յուրաքանչյուր գրասենյակ իրավունք ուներ միայն մեկ հոսանքի աղբյուր օգտագործելու։ Դժվար էր հատկապես ձմռանը, երբ համակարգչից օգտվում էինք, ձեռքերը սառում էին, պիտի տաքացնեինք, այդ նպատակով համակարգիչը անջատում էինք և միացնում փոքրիկ, էլեկտրական սալօջախը, ձեռքերը տաքացնում էինք, անջատում, նորից միացնում համակարգիչը։ Հենց այդ տարիներից, վստահ եմ, ոչ միայն ինձ, նաև իմ շատ գործընկերների մոտ սովորություն է մնացել պարբերաբար, այսինքն՝ յուրաքանչյուր րոպեն մեկ, գրածդ պահպանել, որովհետև ամեն պահի հոսանքը կարող էր գնալ, և քո ամբողջ գրածը կկորեր։ Նույնիսկ չկային համապատասխան ձևաթղթեր, որոնք պետք է մշակվեին։ Հիշում եմ, որ այդ նույն ժամանակ էր, աշխարհում հայտնի դիվանագիտական նոտա բառակապակցության համար մշակվեց հայտագիր բառը, և նման մի շարք ուրիշ բառեր, որոնք ստեղծվեցին այդ տարիներին՝ 90-ականների սկզբներին, և հիմա, իհարկե, որևէ մեկն այդ մասին չի էլ հիշում, թե ինչպես են առաջացել դրանք։

Միացյալ ազգերի կազմակերպությունը Ժնևում

1990-ականների դիվանագիտության պատմությունը ամենայն մանրամասնությամբ վերհիշելու առաքելությամբ հյուրընկալել ենք ՄԱԿ-ում, ՅունեսկՕ-ում, Հունաստանում, Սլովենիայում, Ալբանիայում, Խորվաթիայում, Սերբիայում, Չեռնոգորիայում և Վիտենամում դիվանագիտական գործունեություն ծավալած Վահրամ Կաժոյանին, որի մուտքը դիվանագիտություն տեղի է ունեցել դեռ Հայաստանի անկախացումից առաջ։

Մանկուց աշխարհի երկրներն ու դրանց քարտեզները գրեթե անգիր իմացող Վահրամ Կաժոյանը վաղուց գիտեր՝ որն է իր երազանքը և որտեղից պետք է սկսի այդ ճանապարհը։

Ավարտելով դպրոցը՝ իմ նպատակն էր շարունակել ուսումս այն ժամանակ Խորհրդային Միության լավագույն և թերևս միակ համալսարանում դիվանագետների համար՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանում, և այդ նպատակով ընդունվել էի Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բաժինը՝ անգլերեն մասնագիտությամբ։ Քանի որ մինչ այդ ֆրանսերեն գիտեի և որոշել էի անգլերենով շարունակել, վստահ լինելով, որ 4-րդ կուրսից հնարավոր է տեղափոխվել Մոսկվա՝ այնտեղ շարունակելու դիվանագիտական կրթությունը։ Նպատակը դա էր։ Ցավոք սրտի, երբ հասա արդեն այդ 3-րդ, 4-րդ կուրսերը, հասկացա, որ մի քիչ պատրանքային է իմ ցանկությունը, քանի որ ամեն հասարակ մահկանացուի զավակ չէր, որ կարող էր այդ տարիներին տեղափոխվել Մոսկվա ուսումը շարունակելու, և, չնայած իմ բոլոր ջանքերին, չստացվեց, և ես ավարտեցի ռոմանագերմանական բաժինը՝ ստանալով մանկավարժի, թարգմանչի և բանասերի որակավորում՝ անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։

Դրանից հետո Վահրամ Կաժոյանը իր աշխատանքը շարունակեց արտասահմանյան տուրիզմի կառույցում։ Սակայն 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժից և Ղարաբաղյան շարժման սկսվելուց հետո իրավիճակը կտրուկ փոխվեց․ Հայաստանում հաստատվեց պարետային ժամ, հայտարարվեց հատուկ դրություն, և այն այլևս գրավիչ չէր զբոսաշրջիկների համար, բայց գրավիչ էր օտարերկրացի լրագրողների և քաղաքական գործիչների համար։

Վահրամ Կաժոյանն ու ԱՄՆ սենատոր Բոբ Դոուլին

-Օրերից մի օր ինձ զանգեցին Արտաքին գործերի նախարարությունից՝ Խորհրդային Հայաստանի այդ ժամանակ, և հրավիրեցին աշխատելու Հայաստան ժամանող ԱՄՆ սենատոր Բոբ Դոուլի պատվիրակության հետ։ Դա Սպիտակի երկրաշարժից մոտավորապես 7-8 ամիս անց էր՝ 1989 թվականի օգոստոսին։

Ինձ վստահվել էր իսկապես շատ բարդ ծրագիր կազմել պատվիրակության համար, որի մեջ մտնում էին ինչպես պաշտոնական հանդիպումներ Խորհրդային Հայաստանի բոլոր ղեկավար պաշտոնյաների հետ, այնպես էլ այդ հանդիպումների ժամանակ թարգմանությունների ապահովումը, ինչպես նաև մշակութային, զբոսաշրջային ծրագիրը պատվիրակության համար Հայաստանի տեսարժան վայրերով, ինչը ստացվեց իրականացնել լավագույնս։ Եվ պատվիրակության մեկնումից մի քանի օր անց ստացա նամակ Բոբ Դոուլից, որում շնորհակալություն էր հայտնում ինձ այդ դժվարին այցի կազմակերպման և բոլոր միջոցառումները համադրելու համար, որից մի քանի օր անց ստացա հեռախոսազանգ արդեն նորից Արտաքին գործերի նախարարությունից, որտեղ հրավիրեցին ինձ պայմանագրային աշխատանքի։

***

Մեր ուշադիր ունկնդիրը հիշում է՝ Վահրամ Կաժոյանի Մոսկվայում սովորելու երազանքի մասին։ Այն, իհարկե, իրականացավ, բայց մի փոքր այլ կերպ՝ Ռուսաստանը փոխվեց Մեծ Բրիտանիայով, Մոսկվայի պետական համալսարանը՝ Լիդսի համալսարանի միջազգային հետազոտությունների ինստիտուտով, որից հետո նա գործի է անցնում ՀՀ ԱԳՆ ԱՄՆ և Կանադայի վարչությունում։

 — Անսպասելիորեն ինձ Տեր-Պետրոսյանը նշանակեց աշխատանքի ՄԱԿ-ում՝ ՀՀ մշտական ներկայացուցչությունում, որից ես, ճիշտն ասած, շատ զարմացա, ասաց՝ շատ լավ դպրոց է՝ գնա և շատ բան կսովորես։ Հիմա պիտի ասեմ, իհարկե, որ շատ շնորհակալ եմ, որովհետև այն, իսկապես, միջազգային կազմակերպության շատ մեծ դպրոց է և նաև հսկայական հնարավորություն է տալիս դիվանագետին։ Եթե պարզ օրինակ բերեմ՝ Նյու Յորքում կամ Ժնևում, կամ Վիեննայում, Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային կառույցում, օրվա մեջ կարող ես հանդիպել, ասենք, բոլոր 193 անդամ երկրների ներկայացուցիչներին, մինչդեռ, եթե դու դա տարբեր երկրներում, նույնիսկ մի տարվա ընթացքում չէիր ավարտի, էլ չասեմ ծախսերը։ Բայց նաև դժվար էր այն, որ նույն Ալեքսանդր Արզումանյանյանը, այդ ժամանակ մշտական ներկայացուցիչն էր, առաջին օրը ինձ ասաց՝ գնա ՄԱԿ և գործ արա։ Ասում եմ՝ ի՞նչ պիտի անեմ, ասաց՝ տեղում կկողմնորոշվես։

Տեղում կողմորոշվելը նախատեսվածից երկար տևեց․ քաղաքը Նյու Յորքն էր, միջավայրը՝ արագ զարգացող, իսկ քննարկվող հարցերը՝ թեժ։

Մենք ունեցել ենք դեպք, եթե ճիշտ եմ հիշում՝ 2000-ականներն էր, երբ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում, բանաձև էր առաջադրվել, որը մեզ համար անընդունելի էր լիովին, և մենք պետք է պայքարեինք այդ բանաձևի նույնիսկ ներկայացման դեմ, ոչ միայն քվեարկության։ Մենք օրական իրականացնում ենք գրեթե 30 հանդիպում՝ երկկողմ, և կարողացել ենք տարբեր միջոցներով բոլոր երկրներին համոզել մեր ճշմարտացիության մեջ։ Իհարկե, կային մարդիկ, որոնք ունեին նաև իրենց ցուցումները, և մի քայլ այս կողմը, այն կողմ չէին շեղվում այդ ցուցումներից։ Այստեղ, իհարկե, միայն քեզանից կախված չէ, բայց երկկողմ դիվանագիտության մեջ միանշանակ քո հնարավորություններն, այսինքն՝ որտեղ երկու երկիր է մասնակցում, այսպես ասած, դու պիտի կարողանաս քո բոլոր հմտությունները օգտագործել՝ համոզելու դիմացինին։

-Եվ եթե պատերազմ է պայթում, ուրեմն, վա՞տ եք համոզել։

-Չէ, ոչ միշտ։ Հիմա, եթե վերցնենք ներկայիս մեր տարածաշրջանի պատերազմը, չեմ կարծում, որ, ասենք, Իրանը մեծ հնարավորություններ ուներ համոզելու Միացյալ Նահանգներին կամ Իսրայելին, որպեսզի պատերազմ չլինի։ Ոչ, երբեմն, իհարկե, կան օբյեկտիվ, սուբյեկտիվ գործոններ, որոնք աշխատում են անկախ քո լավ դիվանագիտությունից։

***

Դիվանագիտական դաշտում ևս հայ մասնագետները հաճախ կանգնած են եղել մի պարզ, բայց բարդ իրականացվող առաջադրանքի առաջ՝ նվազագույն միջոցներով հասնել առավելագույն արդյունքի։ Թերևս հենց այս միտքն է ամենահակիրճ ձևով բնորոշում փոքր պետությունների վարած արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկը․ սահմանափակ ռեսուրսների պայմաններում առավել մեծ արժեք է ստանում մտքի ճկունությունը, ճշգրիտ հաշվարկը և աշխատասիրությունը։

ՄԱԿ-ի «Rio+20» կայուն զարգացման գագաթնաժողովի 10-ամյակը

-Հայաստանի հարևանները ՄԱԿ-ում՝ անգլերեն տարբերակում, միշտ եղել են Արգենտինան ձախից և Ավստրալիան աջից։ Այսինքն՝ հաճախ տեսնում էին, որ Ավստրալիայի դիվանագետները գալիս են, տեքստը դրված է սեղանին, ելույթ ունենում, գնում են։ Նրանք նույնիսկ տեղյակ չէին՝ ինչի մասին է քննարկումը, բայց մեր դիվանագետները, երբ ես էի աշխատում, ունեինք 4 դիվանագետ, բայց 4 դիվանագետով անում էինք գրեթե նույն աշխատանքը, ինչ-որ, ասենք, Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի ներկայացուցչությունը՝ 400 դիվանագետով։

Վահրամ Կաժոյանի դիվանագիտական կանգառները շատ են։ Բոլոր տեղերում մեկ հաղորդման ընթացքում չենք հասցնի լինել, մեզ մեկն էլ է պետք։ Իսկ նախքան այդ, եկեք խոսենք այն մասին, թե ինչպես է իրեն զգում ակտիվ դիվանագետը պասիվ թոշակի անցնելու ճանապարհին։

Ես վերջին 36 տարին եղել եմ այդ իրականության մեջ, որ արթնացել եմ առաջին հերթին ժամանակին՝ թերթ, ռադիո, հեռուստատեսություն, հիմա՝ հեռախոս, և անմիջապես աշխատանքի՝ լինի նախարարությունում կամ դեսպանություններում, որտեղ աշխատել եմ։ Համակարգիչ, լուրեր, տեղեկատվություն։

Միշտ նախաձեռնող եմ եղել, արել եմ ինչ-որ հետաքրքիր առաջարկություններ, նախաձեռնություններ, որոնց համար որոշ ժամանակ անց շատ նեղվել եմ, փոշմանել, ինքս ինձ միշտ ասել եմ՝ այլևս երբեք, ոչ մի նախաձեռնություն, ոչ մի նման բարդ խնդիրներ, բայց երբ դրանք ավարտվում էին, զգում էի, որ չէ, հաջորդն էլ է պետք։ Այս ամբողջ կյանքն եմ կարոտել, գործընկերներիս, և ես կարծում եմ, որ չէ, դեռ պիտի վերադառնամ աշխատանքի։

Ասեմ, որ բազմաթիվ անգամներ փորձել եմ մեր իրականության մեջ բողոքարկել այդ դիվանագետի թոշակի անցնելու խնդիրը, որտեղ, ասեմ, նաև երկրներ կան, որոնք խիստ բացասաբար են մոտենում դիվանագետի՝ հատկապես բարձրաստիճան դիվանագետների, դեսպանների թոշակի անցնելուն, որովհետև մեկ դիվանագետը տարիների ընթացքում է դիվանագետ դառնում, այդ ընթացքում պետությունը ծախսում է հսկայական գումարներ՝ քո՝ որպես դիվանագետ, որպես դեսպան կայացման գործում… դու ձեռք ես բերում բազմաթիվ գործընկերներ աշխարհի տարբեր երկրներում, որոնց ինչ-որ ազդեցության, կապերի միջոցով կարող ես երկրի համար նպաստավոր դիրքեր ձեռք բերել, բայց մեկ էլ՝ դու որոշում ես գնալ թոշակի, և կան կոնկրետ երկրներ, ովքեր առաջարկում են այդ թոշակի տարիքի, հասած, դեսպաններին, հատկապես, կրկնակի աշխատավարձ, նոր արտոնություններ, արտոնյալ պայմաններում, բայց ասում են, որ դեսպանը իրավունք չունի գնա, նստի բազմոցին, այս ասած՝ «դիվան-ա-գիտությամբ» զբաղվի, այլ պետք է շարունակի իրական դիվանագիտությամբ զբաղվել, և ես վստահ եմ, որ իմ պոտենցիալը դեռ առջևում է և օգտագործելու եմ իմ երկրի համար։

Leave a Comment