Առաջարկվում է նախատեսել բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների նաև էլեկտրոնային առգրավման եղանակ

Առաջարկվում է նախատեսել բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների նաև էլեկտրոնային առգրավման եղանակ

25 մարտի 2026 – 17:01 AMT

PanARMENIAN.Net – Առաջարկվում է բանկային և հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման դեպքում օրենքով նախատեսել նաև էլեկտրոնային առգրավման եղանակ: Նախագիծն ԱԺ-ում ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը:

Նա նշել է, որ գործող կարգավորումներով բժշկական, նոտարական և բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերի առգրավումը կատարվում է բացառապես դատարանի որոշմամբ, հայտնում է 1lurer.am-ը:

Վերջին տարիներին նման տեղեկությունների ստացման և առգրավման վերաբերյալ որոշումների թիվը զգալիորեն աճել է, ինչի արդյունքում ավելացել են նաև տվյալների մշակման, պատրաստման և փոխանցման վրա ծախսվող ժամանակն ու ռեսուրսները։ Սա բարդացրել է ինչպես իրավապահ մարմինների, այնպես էլ ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը և հանգեցրել է տեղեկատվության տրամադրման ժամկետների երկարացման։

Այս գործընթացի թվայնացումը միտված է կրճատել ժամանակային և ռեսուրսային ծախսերը, ինչպես նաև նվազեցնել մարդկային գործոնը տվյալների փոխանցման ընթացքում։

Միաժամանակ ընդգծվել է, որ տվյալների էլեկտրոնային ստացումը չի ենթադրում դրանց փոխանցում ցանկացած եղանակով, այդ թվում՝ էլեկտրոնային փոստով։ Նախատեսվել է ներդնել հատուկ պաշտպանված համակարգ, որի միջոցով կիրականացվեն այդ գործընթացները։

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն։

Leave a Comment