25 մարտի 2026 – 17:08 AMT
PanARMENIAN.Net – Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նոր զարգացումներ չկան, ասել է ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարցերով բանագնաց Ռուբեն Ռուբինյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:
Նա ասել է, որ երկու օր առաջ զրույց է ունեցել թուրքական կողմի ներկայացուցիչ Սեդար Քըլըչի հետ՝ պատասխանելով հարաբերությունների ընթացքի մասին հարցին, հայտնում է Aysor.am-ը:
Լրագրողի հարցին, թե արդյոք բանակցային գործընթացը կանգ է առել, Ռուբինյանը պատասխանել է. «Չէ՛, չի կանգնել, բայց նոր ասելիք չունեմ»:
Նա նշել է, որ նորությունների առկայության դեպքում կտեղեկացնի հանրությանը, սակայն այս պահին նման տեղեկություն չկա։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով պատրաստակամություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 2022–ին Վիեննայում երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն մինչ այժմ այդ պայմանավորվածությունները գործնականորեն չեն իրականացվել։
2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերը և եկել են համաձայնության՝ արագացնել այդ գործընթացը։