Դա բացում է էսկալացիայի ճանապարհը․ Փաշինյանը՝ ընդդմիության հայտարարությունների մասին

Ըստ Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանի, Կարեն Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժերը հանդես են գալիս միևնույն տրամաբանությամբ՝ առաջարկելով կա՛մ վերաբանակցել, կա՛մ ուժով խաղաղություն պարտադրել


ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմության արձագանքին իր այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չընտրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի։


«Իրենք (ընդդիմությունը, խմբ․) ասում են, որ այդ խաղաղությունը պետք է վերաբանակցել, ինքը այն չէ, և դա բացում է միանշանակ էսկալացիայի ճանապարհը», – ասաց Փաշինյանը։ 


Նրա խոսքով՝ այնտեղ, որտեղ պատերազմի հնարավորություն և դուռ կամ փոքր ճեղք եղավ, պատերազմն այդ ճեղքով մտնելու է։ 


«Բոլոր ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ։ Ընդ որում, հենց իրենք խոսում են խաղաղություն պարտադրելու, ուժային մեթոդներով խաղաղության հասնելու մասին։ Դա այլ կերպ, քան պատերազմի ճանապարհին ոտք դնել, անհնար է որակել», – ասաց վարչապետը։ 


Ըստ Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանի, Կարեն Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժերը հանդես են գալիս միևնույն տրամաբանությամբ՝ առաջարկելով կա՛մ վերաբանակցել, կա՛մ ուժով խաղաղություն պարտադրել։ 


Նրա խոսքով՝ իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որը կա, այդ խաղաղությանը պետք է տեր կանգնել և խնայել։

Leave a Comment