«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողովի շրջանակում մարտի 25-ին ստորագրվել են հուշագրեր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS ընկերության հետ: Համաժողովն ուղիղ հեռարձակվում է Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ներկա փոփոխվող աշխարհում անվտանգային նախկին մեխանիզմներն այլևս չեն աշխատում, և Հայաստանը պետք է լուրջ աշխատանք տանի իր տեղն գտնելու այդ համակարգերում։
«Միջազգային անվտանգության համակարգը աշխարհում խորը վերափոխումների է ենթարկվում, երկրորդ համաշխարհայինից հետո եկած աշխարհը այլևս չկա, նոր համակարգերը դեռ չեն ձևավորվել: Այս ժամանակաշրջանում շատ կարևոր է ունենալ և՛ պաշտպանական պոտենցիալ, և՛ դիվանագիտական, որպեսզի հնարավորություն ունենանք դիմակայել և տեղ ունենալ արևի տակ: Մոտակա 10 տարին է որոշելու, թե որ երկիրը ու որ ազգը տեղ կունենա արևի տակ», – հայտարարել է նա։
Նա վստահեցրել է՝ «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրերով, դիվանագիտական մոտեցմամբ, և հայ ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ Հայաստանն «ունենալու է տեղ արևի տակ»:
Կարապետյանի ելույթից հետո հուշագրեր են ստորագրվել հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS ընկերության հետ:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության «Ուժեղ խաղաղության» ծրագիրը ներկայացվել է մարտի 18-ին, այն բաղկացած է վեց կետից։ Ծրագիրը ներառում է ուժեղ դիվանագիտություն, բանակի վերափոխում, պաշտպանված երկինք, խելացի սահմաններ, արժանապատիվ զինծառայություն և տեղական ռազմարդյունաբերության զարգացում:
