25 մարտի 2026 – 16:22 AMT
PanARMENIAN.Net – ՀՀԿ-ն ընդդիմադիր դաշտը երբեք չի պառակտելու, հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում, ուր այցելել էր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ:
Լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում այն պնդումները, որ իրենց հետ կապ ունեցող անձինք փորձում են պառակտել ընդդիմադիր դաշտը, նա պատասխանել է. «Մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու», հայտնում է Panorama.am-ը:
«Պահ, իրենց ինչ կա՝ ինչ ուզեն, կասեն»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում վարչապետի այն հայտարարությունը, ըստ որի «սեպտեմբերին պատերազմ է լինելու և աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չունենա»,
Սարգսյանը նաև նշել է, որ որևէ իշխանություն իրավունք չունի փակել Արցախ վերադարձի հարցը։
Նա նաև տեղեկացրել է, որ ապրիլի 4-ին նախատեսվում է ՀՀԿ համագումարը, որի ընթացքում պատրաստվում է անդրադառնալ բոլոր հարցերին։
Փաշինյանը մարտի 19-ի ճեպազրույցում հայտարարել է, թե որոշ քաղաքական ուժեր հանդես են գալիս խաղաղության վերանայման դիրքերից, ինչը, ըստ Փաշինյանի, կարող է հանգեցնել անխուսափելի պատերազմի՝ ընտրություններից կարճ ժամանակ անց, առավել հավանական աշնանը՝ «նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պետք չէ շարունակել Ղարաբաղյան շարժումը: