Երևանում ամուսիններից մեկը բութ առարկայով հարվածել է աղջկան, ապա միասին վերջինիս դուրս են նետել խոհանոցի պատուհանից

Վնասվածքը հասցնելուց հետո ամուսիններն աղջկան դուրս են նետել խոհանոցի պատուհանից

Երևանում ամուսիններից մեկը բութ առարկայով հարվածել է աղջկան, ապա միասին վերջինիս դուրս են նետել խոհանոցի պատուհանից


ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ Քննչական կոմիտեն բացահայտել է 2022թ.-ին կատարված դաժան սպանությունը:


ՀՀ ՔԿ-ի Երևանի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացառապես քննչական գործողությունների կատարման արդյունքում պարզվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն:


Այս մասին հայտնում է ՔԿ-ի մամուլի ծառայությունը։


Մասնավորապես՝ քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ի.Ա.-ն 2020 թվականին ուսման նպատակով Վանաձորից տեղափոխվել է Երևան և բնակություն հաստատել իրեն ու իր ընտանիքին հարազատ՝ ամուսիններ Ա.Թ.-ի և Ե.Մ.-ի բնակարանում՝ նրանց հետ միասին: 


Դեպքին նախորդող օրը Ի.Ա.-ի և Ա.Թ.-ի միջև իրենց բնակության հասցեում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Ի.Ա.-ն բութ առարկայի առնվազն մեկ հարվածի արդյունքում ստացել է կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք, որից հետո ամուսինները վերը նշված բնակարանի խոհանոցի պատուհանից տուժողին դուրս են նետել, ինչի հետևանքով վերջինս 2022 թվականի փետրվարի 10-ին մահացել է:


2026 թ.-ի մարտի 24-ին ամուսինների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը):


Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ե.Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: 


Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:


Leave a Comment