Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ելույթ ունենալով խորհրդարանում, խիստ քննադատության է ենթարկել Իսրայելի գործողությունները՝ հայտարարելով, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն նպատակ ունի Լիբանանին հասցնել նույնպիսի վնասներ և ավերածություններ, ինչպիսիք տեղի ունեցան Գազայի հատվածում։ Սանչեսը տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունները որակել է որպես «բացարձակ աղետ», որոնք ծառայում են նեղ շահերի և միայն սրում են առկա հակամարտությունները։
Իսպանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ այս պատերազմն ուղղված է միջազգային իրավունքի խարխլմանը և Մերձավոր Արևելքի ապակայունացմանը։ Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունները վերակենդանացնում են հին հակամարտությունները Իրաքում և Լիբանանում՝ միևնույն ժամանակ Գազան թողնելով անտարբերության և ավերակների տակ։ Սանչեսի այս հայտարարությունը ևս մեկ անգամ ընդգծում է Եվրոպայում աճող մտահոգությունը տարածաշրջանային մեծ պատերազմի վերածվելու սպառնալիքի վերաբերյալ։
