Երաժշտությունն ինքնաճանաչման ճանապարհ․ Վահան Արծրունու հոբելյանական համերգաշարը. «Վերնատուն»

Երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին նշում է իր ծննդյան 60 և բեմական գործունեության 40-ամյակը։ Այդ առիթով առաջիկա հինգ ամիսների ընթացքում մայրաքաղաքի մի շարք բեմերում նախատեսվում են համերգային տարբեր ծրագրեր և թատերական ներկայացումներ։ Հոբելյանական համերգների, համագործակցությունների ու ստեղծագործական նոր ծրագրերի մասին զրուցում ենք երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունու, Երևանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Եվա Խաչատրյանի և սոպրանո Նելլի Քալաշյանի հետ։

«Իմ ստեղծագործության հիմքում ներանձնային խնդիր է՝ ինքնաճանաչողությունը։ Երաժշտությունն ինձ համար նախևառաջ ինքնաճանաչման ճանապարհ է։ Սա մեկ միասնական ընթացք է, որը տարբեր ժամանակահատվածներում արտահայտվում է տարբեր երաժշտական ձևաչափերով։ 1985 թվականի ապրիլի 27-ին տեղի է ունեցել իմ առաջին համերգը։ Բժշկական համալսարանում ես և ընկերներս ակուստիկ կիթառներով ներկայացրինք մի ծրագիր, որն ամբողջովին կազմված էր իմ ստեղծագործություններից։ Այդ օրն ինձ համար խորհրդանշական է։ Հոբելյանական համերգաշարի գլխավոր համերգը տեղի է ունենալու հենց ապրիլի 27-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, «Artsruni Prog Music Act» ռոք խմբի և բազմաթիվ մենակատարների մասնակցությամբ։ Այս 40 տարվա ճանապարհը ներկայացվելու է համերգային փուլերով. սկզբում՝ միայն կիթառով, հետո՝ ռոք խմբով, այնուհետև՝ կամերային կազմով։ Կհաջորդի ստուդիական աշխատանքը համակարգչային համակարգերով՝ երաժշտություն կինոյի և թատրոնի համար, և ի վերջո՝ անդրադարձ հոգևոր երաժշտությանը՝ որպես գործիքավորող, ինչպես նաև սիմֆոնիկ երաժշտություն կամ սիմֆո-ռոքային լուծումներ։ Տեղի է ունենալու վեց տարբեր համերգ՝ ժանրային և երգացանկային տարբեր ծրագրերով։ Ապրիլի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նախատեսված է համերգ «KV Art ensemble»-ի և Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ»։

Leave a Comment