«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ անհայտ ծագման տելեգրամյան ալիքներից մեկում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը վաճառել է «Շիկահող» պետական արգելոցի վերջին հողակտորը, չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է ապատեղեկատվություն։

«Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող «Շիկահող» պետական արգելոցից որևէ հողակտոր երբևէ չի օտարվել։

Հորդորում ենք զանգվածային լրատվության միջոցներին առաջնորդվել բացառապես պաշտոնական և հավաստի աղբյուրներով, զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից և հրապարակումներից առաջ դիմել իրավասու պետական մարմիններին՝ համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով։

Միաժամանակ կոչ ենք անում հանրությանը չտրվել ապատեղեկատվությանը և վստահել միայն պաշտոնական հաղորդագրություններին։

Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում հետևողականորեն ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ու անխախտությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- ասված է նախարարության ֆեյսբուքի էջում արված պարզաբանման մեջ։

Leave a Comment