Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականները հարգանքի տուրք մատուցեցին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին


Հասարակություն


Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 19-րդ տարելիցն է։  ՀՀԿ-ական քաղաքական գործիչները, Անդրանիկ Մարգարյանի հարազատներն ու ընկերները, ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելեցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի  հիշատակին։

Անդրանիկ Մարգարյանը քաղաքականությամբ զբաղվել է 1965թ -ից: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, 1973 թ.-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։

Ա. Մարգարյանը հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից և հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: Իր գաղափարների տարածման և ծավալած գործունեության համար 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման:

1992թ-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված և Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ էր, 1993-1997 և 1998-2005 թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ:
1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ:
2000-2007թթ.  եղել է ՀՀ վարչապետ։ 2003թ. ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել` ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարությունը:

2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:      


Leave a Comment